«ԱԱԾ-ն շարունակում է զբաղվել ֆեյքերի բացահայտմամբ». Արթուր Վանեցյան
ՀՀ Ազգային անվտանգությունը շարունակում է զբաղվել սոցիալական ցանցերում հանցակազմ պարունակող գրառումներ կատարող ֆեյք էջերի տակ թաքնված անձանց բացահայտմամբ: Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Շարունակում ենք մեր աշխատանքները ու, եթե կլինեն հայտարարություններ և գրառումներ, որոնց մեջ կլինի հանցակազմ, և մենք կկարողանանք հայտնաբերել այդ անձանց, միանշանակ կզբաղվենք»,- ասաց Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը հայտնեց, որ ամիսներ առաջ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված և ձերբակալված «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք էջի տակ թաքնված անձը եղել է Հայաստանի և Իրանի քաղաքացի:
Կառավարության ապրիլի 4–ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ինչն դա ազգային անվտանգության խնդիր է: Նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարական էր տվել. «Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան այսպես ասած ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը: Սա կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»
Ապրիլի 5-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել և ձերբակալել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք էջի տակ թաքնված անձին: