Բաժիններ՝

«Չեմ բացառում, որ մայրաքաղաքում գոյություն ունի լեյշմանիոզի բարձր ռիսկ». ՍԱՊԾ նախկին պետը՝ մլակների, մոծակների խայթոցի հետևանքով փոխանցվող հիվանդության մասին

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը կարծում է, որ վատ աղբահանության հետևանքով հնարավոր է՝ շատերի մոտ լեյշմանիոզ հիվանդություն առաջանա:

«Լեյշմանիոզը հատուկ վտանգավոր հիվանդությունների շարքին է պատկանում, հարուցիչը փոխանցվում է թափառական շներից՝ մոծակներին: Մենք այսօր խայտառակ վիճակ ունենք աղբահանության ոլորտում: Չեմ բացառում, որ մայրաքաղաքում գոյություն ունի լեյշմանիոզի բարձր ռիսկ, որը չեն գնահատել, ոչ էլ պատրաստվում են: Ընդամենն ասում են՝ եթե խնդիր կա, թող զբաղվի Առողջապահության նախարարության հիգիենիկ տեսչությունը: Այդ տեսչության պետը փորձեց զբաղվել որոշակի հարցով, կոնկրետ մի պատվաստանյութի հետ կապված հետաքննություն սկսեց, իրեն դրա համար աշխատանքից ազատեցին: Հիմա չեմ կարող ասել, թե ի՞նչ կկատարվի, եթե ՍԱՊԾ պետը փորձի ինչ-որ հարց բարձրացնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրիգոր Գրիգորյանը:

168.am-ը կապ հաստատեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանի հետ, ով անդրադառնալով բարձրացված խնդրին՝ ասաց.

«2018 թվականից մի շարք վարչական վարույթներ են իրականացվել «ՍանիՏեք» ընկերության նկատմամբ: 2018թ. 5 վարչական վարույթ է եղել, որից մեկը՝ ամբողջ Երևանի տարածքում, 4-ը՝ կոնկրետ բողոքների հիմքով:  Իսկ 2019 թվականին 3 վարույթ կա, որը ընթացքի մեջ է: Սանիտարական նորմեր կան՝ կոնկրետ աղբահանության հետ կապված, որոնց պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, դրա շրջանակներում իրականացվում են վարչական վարույթներ: Այն երկու դեպքում է հարուցվում՝ բողոքի դեպքում և տեսչական մարմնի նախաձեռնությամբ: Կիրառվել են տուգանքներ ընկերության նկատմամբ: Իսկ հիվանդության հետ կապված՝ ոչինչ չեմ կարող ասել, տվյալներ չունենք»:

Նշենք, որ լեյշմանիոզը տարածվում է որոշակի տարածքներում ապրող  թռչող միջատների՝  մլակների, մոծակների և այլն, խայթոցի հետևանքով: Ինֆեկցիաները մարդկանց մոտ առաջանում են մոտ 20 տեսակից ավելի լեյշմանիաների հետևանքով: Լեյշմանիոզի նշաններից են մաշկի վրա առաջացող վերքերը,  որոնք արտահայտվում են վարակված միջատի խայթոցից շաբաթներ կամ ամիսներ անց։ Մաշկային լեյշմանիոզն ամենատարածված տեսակն է։ Այս դեպքում խայթոցի տեղում առաջանում է բաց վերք, որը բուժվում է մի քանի ամիսներից մինչև 1-1.5 տարվա ընթացքում։ Վերքի լավացումից հետո դրա տեղում մնում է կոպիտ սպի:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս