«Ոչ մի քաղաքացի պարտավոր չէ սննդի կետից սերտիֆիկատ պահանջել, դա տեսչական մարմնի գործառույթն է». ՍԱՊԾ նախկին պետ
«Փողոցում վաճառվող սննդի դեմ, ըստ էության, պայքար գոյություն չունի»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), որը սննդի անվտանգության ոլորտում լիազոր մարմին է, ասում է՝ մենք պատասխանատու չենք, Քաղաքապետարանն է պատասխանատու: Քաղաքապետարանը նույնիսկ չի կարողանում աղբահանության հարցը լուծել, ինչպե՞ս կարող են այսքան տնտեսվարող սուբյեկտների վերահսկել: ՍԱՏՄ-ն ասում է՝ նրանք ֆիզիկական անձինք են, մենք նրանց չենք հսկում: Դուք երբևէ լսե՞լ եք, որ ոստիկանությունն ասի՝ այս մարդը ֆիզիկական անձ է, մենք նրան չենք կարող պատասխանատվության ենթարկել: Հիմնական խախտումներն արվում են ֆիզիկական անձանց կողմից, ովքեր չլիցենզավորված, չստուգված սննդամթերք են վաճառում փողոցում:
Վերջին տարիներին օրենսդրական փոփոխություններ են կատարվել: Եթե նայեք Սննդամթերքի անվտանգության մասին օրենքի սկզբնական տարբերակը, կտեսնեք, որ լիազոր մարմինը պատասխանատու է ցանկացած տեղ վաճառվող սննդամթերքի անվտանգության համար, բայց, քանի որ դա չէին կարող անել, որոշեցին օրենքը փոփոխել ու պատասխանատվությունը հանել իրենց տիրույթից:
Ցանկացած երկրում չեք տեսնի մի լիազոր մարմին, որն ասի՝ ես պատասխանատու չեմ փողոցում վաճառվող սննդամթերքի համար. դա նոնսենս է: Իսկ ինչի՞ համար եք դուք պատասխանատու, ո՞ր սննդամթերքի համար եք պատասխանատու, գրեք կամ հայտարարեք, ասեք, որ՝ մենք պատասխանատու ենք միայն խանութներում վաճառվող սննդամթերքի համար»,- նշեց ՍԱՊԾ նախկին պետը:
«Երբ որ օրենքում ամրագրվում է, որ լիազոր մարմինը սննդի անվտանգության տեսչական մարմինն է, դա նշանակում է, որ պատասխանատու են ողջ իրավիճակի համար: Մենք այսօր ունենք իրավիճակ, որ ժողովուրդը տեղյակ չէ, թե ի՞նչ է վաճառվում, որտեղի՞ց է այն բերվում: Վաճառվում է ամեն ինչ, ինչ հնարավոր է: Ցանկացած սնունդ, որ քաղաքացին գնում է, ու իրենք ասում են, որ՝ դուք պետք է պահանջեք սերտիֆիկատ, ոչ մի քաղաքացի պարտավոր չէ պահանջել, դա տեսչական մարմնի գործառույթն է: Եթե մեր քաղաքացիները պետք է մոտենան, սերտիֆիկատ ստուգեն, ինչի՞ համար է պետք տեսչական մարմինը: Եթե ամեն քաղաքացի դառնում է տեսուչ, էլ ինչի՞ համար ենք հարկեր վճարում, որ գոյատևի կամ աշխատի նման մարմինը»,- հավելեց Գրիգոր Գրիգորյանը:
Նշենք, որ ավելի վաղ մենք զրուցել ենք փողոցային առևտրով զբաղվողների հետ:
«Ես կողմ եմ, որպեսզի տաղավարներ լինեն, բայց նայած, թե քաղաքի որ մասում: Երկար տարիներ աշխատել եմ «Փակ շուկայում», բայց երբ «Սիթի» դարձավ՝ մեզ հանեցին-գցեցին քուչեքը:
Եթե այս տարածքում տաղավարներ սարքեն (նկատի ունի Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը.- ԱԿ.), շատ լավ կլինի: Մեծ թվով գյուղացիներ էին ժամանակին աշխատում «Փակ շուկայում»: Հիմա թող պայմաններ ստեղծեն՝ ավելի հանգիստ կաշխատենք, ոչ թե՝ այսպես լարված: Առաջ ապրանքը շուկայում հանգիստ թողնում, առավոտյան գալիս վաճառում էինք»,- ասել էր նրանցից մեկը:
«Ներկայիս պայմանները շատ վատն են գյուղացու համար: Ժամանակավոր մի տեղ կանգնում ենք, որ մի բան վաճառենք, օրվա հացի գումար ունենանք: Ցանկացած եվրոպական երկրում թույլ են տալիս դրսում առևտուր անել: Փողոցներում դրած է ապրանքը: Իսկ այստեղ գյուղացուն էլի խեղդում են:
Մեզանից շատ էժան գնով ապրանքն առնում ու երեք անգամ թանկ վերավաճառում են: Ինչո՞ւ, իմ բերքն է, ես էլ բերում եմ, որ վաճառեմ: Բալը 500 դրամ եմ վաճառում, թութը՝ 600-700, բայց մեկը գնաց սուպերմարկետ ու 5 անգամ թանկ գնեց նույնը: Հիմա ես որ գնամ, ասենք, Մալաթիայի շուկա՝ կքշեն այնպիսի տեղ, որ օրերով չեմ կարողանա մի բան վաճառել»,- հավելել էր մյուսը:
Փողոցային առևտրով զբաղվողները հայտնեցին, որ գրեթե ամեն օր Քաղաքապետարանի աշխատակիցները գալիս և իրենց զգուշացնում են, որ փողոցում ապրանք չվաճառեն:
«Քաղաքապետարանի աշխատակիցները եկել, հանգիստ ասել են, մենք էլ ապրանքը վերցրել-գնացել ենք ուրիշ կողմ ու ժամերով այն չենք կարողացել վաճառել: Թող թողնեն ապրենք, էլի, ի՞նչ են ուզում: Հազիվ օրվա հացի գումար ենք աշխատում, իսկ չվաճառված ապրանքը գերադասում ենք ավտոբուսով տեղափոխել, քան տաքսուն գումար տալ, հակառակ դեպքում՝ միայն տաքսու գումարը 5000-6000 դրամ է կազմում, իսկ մենք հազիվ կարողանում ենք ամեն օր ամենաշատը 10.000-15000 դրամ վաստակել, որը ծախսում ենք օրվա հացի, կենդանիներին կեր գնելու վրա: Թող դնեն ու հաշվարկ անեն, թե գուղացուն ինչ է մնում: Դրա համար օրեցօր գյուղը դատարկվում է: Ոչ մեկի էլ հաճելի չէ այս պայմաններում աշխատել, բայց ուրիշ տարբերակ էլ չկա»,- նշել էին նրանք:
Անի Կարապետյան