«Մալաթիայի շուկա գնամ՝ կքշեն այնպիսի տեղ, որ օրերով չեմ կարողանա մի բան վաճառել». Փողոցային առևտրով զբաղվողները տաղավարներ են ուզում, բայց Կենտրոնում
Երևանում քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ ինչ-որ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ, բայց դրանք կարծես թե պոպուլիստական բնույթ են կրում:
«Բարձիթողի վիճակ է, անընդհատ պետք է այս հարցով զբաղվեն, բայց այստեղ մեկ այլ խնդիր կա: Առաջին հերթին՝ պետք է այդ մարդկանց համար պայմաններ ստեղծեն: Նախկինում շուկաներ կային, բայց վերացրեցին, տվեցին բիզնեսմենների ու վերածեցին սուպերմարկետների: Մնացել է միայն Կոմիտասի շուկան, երևի այն էլ շուտով կփակվի: Իսկ հիմա պետք է քաղաքի տարբեր մասերում տաղավարներ սարքեն, որպեսզի մարդիկ քաղաքակիրթ ձևով առևտուր անեն: Միևնույն ժամանակ՝ նույնիսկ բացօթյա տաղավարներում պետք է արգելվի, ասենք, ձկնեղենի, մսամթերքի վաճառքը:
Դրանք պետք է խանութներում հատուկ սառնարանային պայմաններում տեղադրված լինեն: Հիմա շոգ է, ու դրսում համատարած ձուկ են վաճառում, ինչն անթույլատրելի է: Այն բիզնեսմենները, ովքեր շուկաների տարածքները վերցրել ու սուպերմարկետ են բացել, գոնե նրանք պայմաններ ստեղծեն»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր Կարեն Չիլինգարյանը:
168.am-ը փողոցային առևտրով զբաղվողներից փորձեց ճշտել՝ նրանք ի՞նչ կարծիքի են տաղավարների տրամադրման մասին, ի՞նչ առաջարկներ ունեն:
«Ես կողմ եմ, որպեսզի տաղավարներ լինեն, բայց նայած, թե քաղաքի որ մասում: Երկար տարիներ աշխատել եմ Փակ շուկայում, բայց երբ «Սիթի» դարձավ՝ մեզ հանեցին-գցեցին քուչեքը:
Եթե այս տարածքում տաղավարներ սարքեն (նկատի ունի Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը), շատ լավ կլինի: Մեծ թվով գյուղացիներ էին ժամանակին աշխատում Փակ շուկայում:
Հիմա թող պայմաններ ստեղծեն՝ ավելի հանգիստ կաշխատենք, ոչ թե այսպես լարված: Առաջ ապրանքը շուկայում հանգիստ թողնում, առավոտյան գալիս վաճառում էինք»,- ասաց նրանցից մեկը:
«Ներկայիս պայմանները շատ վատ են գյուղացու համար: Ժամանակավոր մի տեղ կանգնում ենք, որ մի բան վաճառենք, օրվա հացի գումար ունենանք: Ցանկացած եվրոպական երկրում թույլ են տալիս դրսում առևտուր անել: Փողոցներում դրած է ապրանքը: Իսկ այստեղ գյուղացուն էլի խեղդում են: Մեզանից շատ էժան գնով ապրանքն առնում ու երեք անգամ թանկ վերավաճառում են: Ինչո՞ւ, իմ բերքն է, ես էլ բերում եմ, որ վաճառեմ: Բալը 500 դրամ եմ վաճառում, թութը՝ 600-700, բայց մեկը գնաց սուպերմարկետ ու 5 անգամ թանկ գնեց նույնը: Հիմա ես որ գնամ, ասենք, Մալաթիայի շուկա՝ կքշեն այնպիսի տեղ, որ օրերով չեմ կարողանա մի բան վաճառել»,- հավելեց մյուսը:
Փողոցային առևտրով զբաղվողները հայտնեցին, որ գրեթե ամեն օր Քաղաքապետարանի աշխատակիցները գալիս և իրենց զգուշացնում են, որ փողոցում ապրանք չվաճառեն:
«Քաղաքապետարանի աշխատակիցները եկել, հանգիստ ասել են, մենք էլ ապրանքը վերցրել-գնացել ենք ուրիշ կողմ ու ժամերով այն չենք կարողացել վաճառել: Թող թողեն ապրենք էլի, ի՞նչ են ուզում: Հազիվ օրվա հացի գումար ենք աշխատում, իսկ չվաճառված ապրանքը գերադասում ենք ավտոբուսով տեղափոխել, քան տաքսուն գումար տալ, հակառակ դեպքում՝ միայն տաքսու գումարը 5000-6000 դրամ է կազմում, իսկ մենք հազիվ կարողանում ենք ամեն օր ամենաշատը 10.000-15000 դրամ վաստակել, որը ծախսում ենք օրվա հացի, կենդանիներին կեր գնելու վրա: Թող դնեն ու հաշվարկ անեն, թե գուղացուն ինչ է մնում: Դրա համար օրեցօր գյուղը դատարկվում է: Ոչ մեկի էլ հաճելի չէ այս պայմաններում աշխատել, բայց ուրիշ տարբերակ էլ չկա»,- հավելեցին նրանք:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հունվարի 8-ից սկսած հայտարարել է փողոցային առևտուրն արգելելու մասին։
«Ուղղակի պետք է բոլոր մարդկանց գնալ, բացատրել, ասել, որ սա օրենքի պահանջն է, երկրորդը, որ սա հանրության պահանջն է։ Որ մարդիկ ուզում են ամեն ինչը ծառայի իր նպատակին` առևտրի վայրերը ծառայեն առևտրի համար, փողոցները` որպես փողոցներ»,- ասել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Անի Կարապետյան