«Ողջունելի կլիներ՝ դատավորների համայնքը ևս այդ հարցին արձագանքեր». Արամ Վարդևանյան

Սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանն անհասկանալի և իրավունքի ու  օրենսդրության տեսանկյունից խիստ խնդրահարույց է համարում դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմում է ուղարկել ԲԴԽ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով և ԲԴԽ-ն ըստ օրենքի կասեցրել է նրա լիազորությունները:

«Առնվազն միակ խախտումը հստակ եմ տեսնում՝ իրականում քրեական հետապնդումը փաստացի հարուցվել է առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության և այդ պարագայում արդեն իսկ այդ ողջ գործընթացի օրինականությունը հարցականի տակ է դրված»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ա. Վարդևանյանը:

Ըստ փաստաբանի՝ ԲԴԽ-ն նախ պետք է այս ամբողջ գործընթացի կանխարգելողը լիներ՝ ապահովելու համար դատավորի անկախությունը.

Կարդացեք նաև

«Պատկերացրեք՝ դեռ չենք էլ քննարկում՝ ինչպես է դատավորը խուզարկության միջնորդությունը  բավարարել, այն պարագայում երբ նկատել է, որ գործ ունենք փաստացի  քրեական հետապնդման հետ՝  առանց ԲԴԽ համաձայնության (այն ժամանակ պարզապես ԲԴԽ-ին իրազեկել էին այդ հնարավոր գործողություների մասին՝ համաձայնություն չէին ստացել): Դատավորը, որը խուզարկության որոշումը կայացրել է, միջնորդությունը բավարարել է, իր գործողությունները քննարկման առարկա դարձնելու փոխարեն՝ կարծես թե լրիվ այլ ուղղությամբ է գնացել՝ տալով նաև համաձյանություն քրեական հետապնդման վերաբերյալ, այսինքն՝ մենք գործ ունենք ամբողջությամբ հակառակ տրամաբանության հետ»:

Փաստաբանը կարևորեց նաև դատավորների համայնքի արձագանքը սույն հարցին. «Իհարկե, ողջունելի կլիներ՝ դատավորների համայանքը ևս այդ հարցին արձագանքեր,  քանի որ, ի վերջո, եթե մեկ դատավորի նկատմամբ կարող է այդպես լինել, այլ դատավորների նկատամամբ  նույնպես հնարավոր է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել էին, ապա՝ կնիքել:

Դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաեւ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ոստիկանություն։ Ըստ փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակը կնիքվել էր մինչեւ դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը, ինչն ըստ նրա` ապօրինի է։

Զարուհի Դիլանյան

Հ. Գ. Ի դեպ, Ա. Վարդևանյանը նշեց նաև, որ իրավիճակը ՄԻԵԴ տեսանկյունից հանդիսանում է դատական համայնքի նկատմամբ «սառեցնող էֆեկտ». «Սա իսկապես լրջորեն վտանգում է դատական համայնքի անկախությունը և այս իմաստով շատ կարևորում եմ Երվանդ Վարոսյանի նախաձեռնությունը, որին միանում և աջակցում եմ»:

Տեղեկացնենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը, վստահ է՝ նրանց թիվը բազմապատկվելու է։

Տեսանյութեր

Լրահոս