«Մենք կարիք ունենք, որպեսզի ֆինանսաբանկային ոլորտն ավելի ընկալելի լինի մեր բնակչության լայն շերտերի համար». Տնտեսական լրագրողների ակումբն ամփոփեց սեմինարների շարքը
Այսօր Տնտեսական լրագրողների ակումբն ամփոփեց Բանկերի միության հետ համատեղ կազմակերպված ֆինանսաբանկային ոլորտը ներկայացնող սեմինարների շարքը՝ տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը և միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը մասնակիցներին հանձնեցին հավաստագրերը և նվերներ՝ գրքեր:
Ս.Սարգսյանի խոսքով՝ բավականին հետաքրքիր սեմինարներ էին, որոնք անցկացնում էին բանկային համակարգի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներն ու մի շարք կառույցների ներկայացուցիչներ:
«Մենք կարիք ունենք, որպեսզի ֆինանսաբանկային ոլորտն ավելի ընկալելի, ըմբռնելի լինի մեր բնակչության լայն շերտերի համար, իսկ դրա համար մեկ ճանապարհ կա՝ համագործակցություն լրագրողական համայնքի հետ»,- ասաց Ս.Սարգսյանը:
«Արարատբանկի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նշեց, որ սեմինարների արդյունքում հնչեցին բազմաթիվ նոր մտքեր ու գաղափարներ։ Ըստ նրա՝ ինչպես բանկային մենեջմենթն է միջնորդում և ֆինանսական հոսքերն ուղղում այս կամ այն հունով, այնպես էլ լրագրողներն են տեղեկատվական հոսքերն ուղղում աղբյուրից դեպի սպառում և ձևավորում տեղեկատվական դաշտ, որն ուղղակիորեն ազդում է սպասումների վրա, առաջարկ ու պահանջարկի վրա։
«Հուսով եմ՝ ձեր գիտելիքները կնպաստեն դրական սպասումների ստեղծմանը»,- ասաց Ա.Օսիպյանը։