Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ:
«Մեծ է Ձեր դերակատարությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ձեր կառավարման օրոք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավելի ամրապնդեց իր տեղն ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ողջ աշխարհում:
Անհնար է անտեսել Ձեր նվիրվածությունը գիտությանը, կրթությանը, նոր տեխնոլոգիաներին, որի վառ ապացույցն են այն բազմաթիվ գնահատականները, որոնց Դուք արժանացել եք աշխարհի առաջատար համալսարանների կողմից:
Անհերքելի է Ձեր մեծ ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Վերջին տարիներին Ձեր հետևողական ջանքերի շնորհիվ առավել ակտիվ և բովանդակալից է դարձել մեր երկրների համագործակցությունը:
Հավատացած եմ, որ հետագայում ևս հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շարունակելով նպաստել մեր երկրների գիտության, նոր տեխնոլոգիաների և մեզ հոգեհարազատ քվանտային ֆիզիկայի զարգացմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Անգելա Մերկելին մաղթել է առողջություն և հաջողություն հետագա գործունեության մեջ: