«Քաղաքական առումով խնդրահարույց է իրավիճակը». Լիլիթ Մակունց
«Բարձրագույն դատական խորհուրդը պատասխանատու է լինելու վեթինգի գործընթացի համար, և առաջին հերթին՝ հենց իրենք պետք անցնեն վեթինգ»,- այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲԴԽ անդամները, որ պետք է իրականացնեն վեթինգ, իրենք և՞ս պետք է ենթարկվեն վեթինգի:
Անդրադառնալով դատավորների ընդհանուր ժողովի կողմից ԲԴԽ անդամներ ընտրված Մեսրոպ Մակյանի, Ռուբեն Վարդազարյանի և Նախշուն Տավարացյանի թեկնածություններին, հատկապես՝ Ն.Տավարանցյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել վիճելի հանգամանքներում՝ 2018-ի վերջին, ապա հրաժարական տվել, Լ.Մակունցը նշեց, որ չի կարող դատել՝ որպես մասնագետ, բայց իր համար ևս մտահոգիչ է խնդիրը և տարակուսանքը, որ առկա է մամուլում քաղաքացիական հասարակության, առանձին գործիչների կողմից:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ այն, ինչ վերաբերում է դատավորի բարեվարքության ստուգմանը, ինչն անվանում են վեթինգ, դա պերմանենտ գործընթաց է, որ պետք է ընդհանրապես իրականացվի բոլոր պաշտոնյաների նկատմամբ, և այդ բարեվարքության գործընթացում այդ մարմինը պետք է նախատեսի գործընթաց, և ընթանան ինքնամաքրման ուղիով: Ըստ նրա՝ ԲԴԽ-ն եզակի մարմին է, որ ձևավորվում է երկու կառույցների կողմից՝ ԱԺ և դատավորների ընդհանուր ժողով. «Մենք փորձել ենք այնպիսի թեկնածուներ ներկայացնել, որ վայելում էին բոլոր խորհրդարանական խմբակցությունների աջակցությունը՝ դրանով բարձրացնելով ԲԴԽ-ի նկատմամբ վստահությունը»:
Վ.Վարդանյանը նշեց, որ ԱԺ-ն իրավունք չունի ներխուժել ԲԴԽ գործառույթների մեջ, և ինքը երեկ ընտրված դատավորներին չի կարող անդրադառնալ, բայց եթե ընտրությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, պետք է հարգել. «Բայց առնվազն ինձ համար զարմանալի է մեկ տարի առաջ այդ երդմնակալությունը կազմակերպելը, երբ Տավարացյանը ներկայացրել էր հրապարակային դիմում: Չափազանց գեղեցիկ օրինակ է ուսանողներին ներկայացնելու: Այս գործընթացը չի կարող որևէ կերպ բարձրացնել ԲԴԽ հեղինակությունը, և ինձ թվում է՝ դատավորների ընդհանուր ժողովը պետք է հաշվի առներ, որ և՛ օրենսդիրում, և՛ գործադիրում փորձում են բարձրացնել այն շեմը, որը թույլ կտա ունենալ իրոք անկախ դատական իշխանություն»:
Դիտարկմանը, որ, եթե Ն.Տավարացյանը ճգնաժամ չի տեսնում ՍԴ-ում, ինչպե՞ս են համագործակցելու, Լ. Մակունցը նշեց, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է, և առնվազն մասնագիտական տիրույթում կա ոչ միակարծություն երևույթի նկատմամբ. «Ունենք խնդիր, որը պետք է լուծվի: «Իմ քայլը» չունի որևէ հստակ դիրքորոշում հանգուցալուծման վերաբերյալ: Հնարավոր է, որ հանդես գանք մեկ այլ առաջարկով, դա դեռ քննարկման փուլում է: Ճգանաժամ կա, թե ոչ, դա մասնագիտական տիրույթի հարց է: Քաղաքական առումով խնդրահարույց է իրավիճակը, և սահմանադրական է, թե ոչ, պետք է չշտապել և հապճեպ որոշումներ չկայացնել»:
Վ.Վարդանյանը նշեց, որ ԲԴԽ նոր կազմի հետ իրենք առաջնորդվելու են Սահմանադրությամբ նախատեսված համագործակցության սկզբունքներով. «ԲԴԽ հարցում նաև առկա են որոշակի օրենսդրական խնդիրներ, որովհետև օրենսդրությունը շատ խրթին է, բարդ ընթացակարգ է, կա ստաժային ցենզ, որը շատ ավելի խրթին է դարձնում թեկնածուներ ընտրելու հարցը: Իսկ տարիքը փոփոխելու համար պետք է սահմանադրական հանրաքվե»:
Հարցին՝ Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ խմբակցությունն ունի՞ դիրքորոշում, Վ.Վարդանյանը նշեց, որ նամակը ստացել են բոլոր պատգամավորները, ուսումնասիրում են, և դրան անդրադարձ կլինի:
Լ.Մակունցը հավելեց, որ ՍԴ հարցում սահմանադրական մարմինների կողմից հարաբերական դադարը խոսում է իրավիճակի բարդ լինելու մասին, և շտապողականությունն է՛լ ավելի կխճճի իրավիճակը: Ըստ նրա՝ ՍԴ-ին առնչվող հարցերի հետ կապված՝ խմբակցությունը հակված է լուծումներով հանդես գալ մինչև սեպտեմբեր. «Օրենքի շրջանակներում պետք է լինեն բոլոր գործողությունները, և որևէ կերպ հանգուցալուծումը չդիտարկվի դատական իշխանության նկատմամբ միջամտություն, բայց միևնույն ժամանակ, եթե իրավական մեխանիզմները հնարավորություն չեն ընձեռում խնդիրը լուծել, ապա անհրաժեշտության դեպքում հանդես կգանք օրենսդրական հստակեցումներով»:
Նա կարևորեց, որ նաև ՀՀ-ի միջազգային պարտականությունների շրջանակներում որևէ խնդիր չծագի: Մակունցի խոսքով՝ բախում կա իրավական տիրույթում, և առաջին հերթին՝ դա պետք է լուծվի: Նա չբացառեց, որ 213-րդ հոդվածի փոփոխությամբ հանդես գան:
Անդրադառնալով ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամի առաջադրմանը՝ Մակունցը նշեց, որ չստացվեց 10-օրյա ժամկետում դա անել, կփորձեն առաջադրել հաջորդ 10-օրյա ժամկետում: Խմբակցության ղեկավարի հավաստմամբ՝ մի քանի թեկնածուներ կան, սակայն չի հնչեցնի, թե ով է իրենց կողմից որպես թեկնածու դիտարկվում: Լ.Մակունցը նշեց, որ սահմանված ժամկետներում իրենք կառաջադրեն թեկնածուին, բայց հնարավոր է՝ ընտրությունը լինի սեպտեմբերին:
Հարցին՝ ի վերջո, ՍԴ-ում անդամնե՞ր են, թե՞ դատավորներ, Վ.Վարդանյանը պատասխանեց, որ ՍԴ-ում 3 ռեժիմով ընտրված անդամներ և դատավորներ կան, մի մասն ընտրվել է 1995թ. Սահմանադրության կանոնակարգումների շրջանակներում, մի մասը՝ 2005թ.-ի, մի մասն էլ՝ 2015-ի. «Տարբեր մոտեցումներ են առկա, պետք է նշել, որ Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ-ն, որտեղ պետք է ներառված լինեն ԱԺ նախագահի, ԱԺ-ի և կառավարության կողմից ձևավորված դատավորներ, դեռևս չի ձևավորվել, և մենք այդ փուլում ենք: Խնդիրը միայն Ազգային ժողովինը չէ, չի կարող լուծվել առանց օրենսդրի, գործադրի ու նախագահի միջամտության»: