Արմեն Սարգսյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կառավարման խորհրդի համանախագահներ Ռայներ Սաքաուին ու Փենքաշ Բրլային և Հայաստանում նրանց գործընկեր՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավարներին:

Հյուրերը տեղեկացրել են «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ու աշխատանքների մասին: Մասնավորապես անդրադարձ է եղել «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համատեղ Երևանում Marriott Courtyard հյուրանոցի կառուցման ծրագրին, որի բացումը նախատեսվում է հաջորդ տարի:

Նախագահը ողջունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից Հայաստանում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը՝ նշելով, որ մեր երկիրը խրախուսում է միջազգային ներդրումները և միջազգային հայտնի ապրանքանիշերի մուտքն ու գործունեությունը:

Հյուրերն ընդգծել են, որ իրենց համար հաճելի և հարմարավետ է աշխատել Հայաստանում, որտեղ ժողովուրդը հյուրընկալ ու բարյացակամ է: «Հաճույքով պատրաստ ենք ավելին անել Հայաստանում»,-ասել են նրանք:

Տեսանյութեր

Լրահոս