«Շատ կասկած է հարուցում ավելորդ շտապողականությունը. ուզում են անպայման արտահերթ կարգով բերել, այդ նախագիծն անցկացնել». Գևորգ Պետրոսյան

Հայաստանի իշխանությունները և Եվրոպայի խորհուրդը հուլիսի 3-ից սկսել են «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ շարունակվող աշխատանքը» ծրագրի մեկնարկը ։ Ստամբուլյան կոնվենցիայի մասին, սակայն, փորձագիտական շրջանակներից հնչում են իրարամերժ գնահատականներ:

Վերջինիս շուրջ 168.am-ի  հետ զրույցում իր մտահոգություններն արտահայտեց նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ում համար կասկածահարույց են այս կոնվենցիայի նպատակներն ու այն վավերացնելու շտապողականությունը:

«Կանանց նկատմամբ բռնության անվան տակ ուզում են անցկացնել գենդերային խնդիրը, նուն սեռի անձնաց միջև ամուսնության օրինականացման  հարցերը: Չմոռանանք, որ մենք արդեն իսկ ունենք օրենքներ, որոնք պաշտպանում են կնոջը, ընտանիքի անդամին բռնությունից. այնպես չէ, որ մենք օրենսդրական բազա չունենք ընտանիքում բռնությունը կանխելու կամ բռնություն գործադրած անձանց  պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հետո շատ կասկած է հարուցում ավելորդ շտապողականությունը՝  ուզում են անպայման արտահերթ կարգով բերել այդ նախագիծն- անցկացնել»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև համացանցում մեկնարկած «Բռնության ձայնը» խորագրով ֆլեշմոբին:  Տեղեկացնենք, որ ֆեյսբուքում մարդիկ, #բռնության ձայնը հեշթեգով, լրագրող Լյուսի Քոչարյանին պատմում են իրենց հետ կատարված պատմությունները, իսկ վերջինս էլ հրապարակում է դրանք՝ անանունության սկզբունքով. «Կան նաև ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, ովքեր  ներկայացնում են, թե իբրև այսօր  Հայաստանում բռնության երևույթը  ահագնացող չափերի է հասել, հայտարարություններ են արվում, թե ցանկացած հինգերորդ կին բռնաբարվում է և այլն…սա ամո՛թ է ուղղակի. էսպիսի պատկեր մեզ մոտ չկա…կան բռնության դեպքեր, բայց այդ դեպքերը վերցնել ու ներկայացնել, որ մեր երկրը  թաղված է նման խնդիրների մեջ, չի համապատասխանում իրականությանը: Հենց այստեղից էլ ծնվում է մտավախությունը, որ գուցե այդ կոնվենցիայի վավերացման արդյուքնում նրանք ակնկալում են այնպիսի բաներ, որոնք մեր արժեհամակարգին բնորոշ չեն և պարզապես դա անում են կոնվենցիայի միջոցով, որովհետև հասկանում են, որ առանձին նախագծեր ներկայացնելու պարագայում դիմադրության կարող են արժանանալ»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ  առավել առարկայական ու փաստական կանդրադառնա թեմային օրերս, իսկ մինչ այդ հիշեցրեց, որ ցանկացած միջազգային կոնվենցիայի վավերացումից առաջ կարևոր է Սահմանադրական դատարանի եզրակացությունը.  Եթե ՍԴ-ն նման եզրակացություն չի տալիս, կոնվենցիան  չի կարող վավերացվել:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս