«Աստված տա, որ Լեռնաձորում ուրանի մեծ պաշարներ լինեն»

168.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Վարդան Գևորգյանը, ով օգոստոսի 8-ին չորրորդ անգամ իր թեկնածությունն է առաջադրել քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու համար:

Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) արտադրողականությունը կրկնակի աճել է, իսկ առաջիկա տարիներին արտադրողականությունն, ըստ ընկերության աշխատակիցների, կհասնի 20-30 մլն տոննայի: Քաջարանի քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շրջանային կազմակերպության խորհրդի անդամ Վարդան Գևորգյանին, ով օգոստոսի 8-ին չորրորդ անգամ իր թեկնածությունն է առաջադրել քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու համար, հարցրեցինք, թե արդյո՞ք բնական ռեսուրսների այդ արագությամբ սպառումը մտավախություն չի առաջացնում, որ, ենթադրենք, տարիներ անց Քաջարան քաղաքի տեղում կլինի մի մեծ փոս: Նման մտավախություն ունեն բնապահպանները: «Բնապահպանները հաճախ խոսում են այդ մասին: Բնապահպանական առումով մենք լուրջ հաջողություններ ենք արձանագրել: Մեր քաղաքային համայնքի կողմից իրականացվել են բազմաթիվ ծրագրեր»: Որպես իրականացված ծրագրերի օրինակներ՝ Վ. Գևորգյանը նշեց. «Միակ համայնքն է այսօր, որ դպրոցներում բացել ենք էկոլոգիական լաբորատորիաներ: Այսօր Քաջարանի դպրոցներում սովորող 8-րդ դասարանցիներն անցնում են Քաջարան-բնություն-էկոլոգիա առարկան, որի դասագիրքը գրել ենք մենք: Ես և իմ բաժնի աշխատակիցներն ենք դրա համահեղինակները: Ուսումնասիրվել է ամեն ինչ: Այդ լաբորատորիաներում տեղադրված են այնպիսի սարքավորումներ, որոնք չկան տարածաշրջանում՝ Իրանում, Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում: Ինչ վերաբերում է մեր ձեռնարկության հզորությունների ավելացմանը, ապա նշեմ, որ լեռնահանքային արդյունաբերությունը շատ առումներով ազդեցություններ է թողնում շրջակա միջավայրի վրա՝ և՛ լավ, և՛ վատ: Կոմբինատի 60-ամյա տարեգրության մեջ չի եղել մի դեպք, որ կոմբինատն ինչ-որ բան անի՝ ի վնաս մարդու: Այսինքն՝ եթե այսօր Քաջարանը համարում ենք բարեկեցիկ քաղաք, սոցիալական պայթյուններից զերծ քաղաք, ապա դա կոմբինատի արդյունքն է: Իսկ էկոլոգիական խնդիրների լուծման ճանապարհին կոմբինատն անմասն չի մնում»: ՀՀ կառավարության որոշմամբ` Քաջարան գյուղը վարձակալության իրավունքով տրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Հետաքրքիր է, իսկ Վ. Գևորգյանը կո՞ղմ է այդ որոշմանը: «Ցավոք, այսօր ոչ միայն կառավարությունը, այլև մենք՝ ինքներս, շտապում ենք որոշումներ կայացնելուց: Համոզված եմ, որ կառավարության այդ որոշման նախագիծը գրողը չէր էլ պատկերացնում՝ ինչի՞ մասին էր խոսքը, որովհետև մենք ունենք պետական չինովնիկներ, ստորին օղակի աշխատակիցներ, ովքեր չեն էլ պատկերացնում, թե Քաջարանը որտեղ է գտնվում: Նույնիսկ հնարավոր է, որ նրանք Քաջարան գործուղվելիս գնան դեպի Ծաղկաձոր: Այդ որոշումը պարզապես ժամանակավրեպ է եղել»,- ասաց նա:

Այսինքն՝ դե՞մ եք այդ որոշմանը:

– Որոշմանը դեմ չեմ: Որոշումն արդեն կայացվել է՝ շտապողականություն հանդես բերելով: Մեր համայնքում ցանկացած աշխատանք կատարելիս՝ իրազեկում ենք հասարակությանը, և կառավարությունը պարզապես, որոշում կայացնելուց առաջ, պետք է լսեր նաև մարդկանց: Ըստ գյուղացիների հետ շփումների՝ նրանք այդ որոշման մասին իմացել էին բավական ուշ: Տվյալ պարագայում՝ ես չեմ մեղադրում կոմբինատին, որովհետև կոմբինատը՝ որպես կազմակերպություն, ուղղակի դիմել է կառավարությանը:

Կարդացեք նաև

Կառավարությա՞ն «թերությունն» է:

– Չեմ կարող ասել` կառավարության, հնարավոր է` մի չինովնիկի թերությունն է: Կառավարությունը թերություններ կունենա: Կառավարությունն էլ օրգանիզմ է, դոգմա չէ ինձ համար: Կառավարությունն էլ իրավունք ունի սխալներ թույլ տալու:

Լինելով լեռնաձորցի՝ փորձե՞լ եք խոսել Լեռնաձորում ուրանի պաշարների որոնողական աշխատանքներ իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ:

– Մենք հաճախ խոսում ենք այնպիսի թեմաների մասին, որոնք, կարծես, ճիշտ չեն, կամ ի վնաս մեզ են: Մենք պետություն ենք, համաշխարհային տնտեսության մաս, գոնե չիմանա՞նք, թե ինչ հարստություն ունենք: Աստված տա, որ Լեռնաձորում ուրանի մեծ պաշարներ լինեն: Ի վերջո, այսօր ամբողջ աշխարհն անընդհատ խոսում է Իրանի դեմ, և միջուկային գերտերության հասնելու արգելանք են դնում: Թող ուրան լինի, և Հայաստանը դառնա միջուկային գերտերություն:

Համայնքը տեղափոխելու խնդիր էլ չե՞ք ունենա:

– Երբ ասում են, թե պղինձը, մոլիբդենը, ուրանը չհանենք, ինձ թվում է՝ այդպես խոսացողները մեր ազգի, մեր պետության թշնամիներն են: Ֆինանսավորում են, որպեսզի ստեղծվեն կառույցներ, որոնք դեմ կխոսեն: Այն դեպքում, երբ այսօր աշխարհում պղնձի և մոլիբդենի գները բարձրանում են, և պետական բյուջեն մեծ շահույթ է ստանում դրանից: Իսկ պետական բյուջեն լուծում է կենսաթոշակային, կրթության, զենքի ձեռքբերման և այլ խնդիրներ: Հիմա եթե դա չանենք, ո՞ւմ սպասենք: Ինչքա՞ն պետք է միջազգային կառույցներից վարկեր վերցնենք, պետական պարտք ավելացնենք:

Այսինքն՝ եթե այսօր Սյունիքում ամեն քայլափոխի մետաղական հանք հայտնաբերվի` պետք է անպայման շահագործվի՞:

– Այլ խնդիր է, թե ինչպես են շահագործում: Կշահագործեն համաշխարհային չափորոշիչներո՞վ, թե՞ պարզապես հանելու և աղտոտելու, փչացնելու եղանակով: Այսօր աշխարհն էկոլոգիական աղետի առաջ է կանգնած, և կցանկանայի, որ նույն էկոլոգները ոչ թե քննադատեն, այլ ուղիներ նշեն:

Իսկ ինչո՞վ եք պայմանավորում վերջերս, ըստ խոսակցությունների, Քաջարանում անոմալիաների շատացումը: Նույնիսկ խոսվում էր խոզի գլխով երեխայի ծննդի մասին:

– Գիտեք, ամեն ինչ պետք է ուսումնասիրվի: Միգուցե դրա պատճառը ներկրվող սնունդն է: Այսօր չգիտես՝ ո՞վ է ներկրում սնունդը, որտեղի՞ց է բերում՝ միգուցե դա արտադրվում է մեր գենոֆոնդը ոչնչացնելո՞ւ, մեզ զոմբիացնելո՞ւ համար: Եվ միանգամից ասել, թե դա կոմբինատի գործունեության պատճառով է՝ սխալ է: Ի վերջո, կոմբինատի բարեմասնություններն ավելի շատ են, քան վնասները: Մեր համայնքներում ձևավորվել է բարեկամական մթնոլորտ, միայն թե դրսից չխանգարեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս