«Կոռուպցիայի դեմ պայքարելու, տնտեսական հեղափոխության փոխարեն՝ այս անիմաստ նախագիծն են առաջ քաշում». Քաղաքագետը՝ լրատվամիջոցների վերաբերյալ նոր նախագծի մասին
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ԶԼՄ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ: ՀՀ արդարադատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագծի նպատակն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նախագծից երկու կետ է առանձնացնում: «Առաջինը վերաբերում է պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու՝ ԶԼՄ-ների իրավունքների ընդլայնմանը: Այսինքն, եթե մինչ այս ցանկացած քաղաքացի պետռեգիստրից ինֆորմացիա իմանալու համար պետք է գումար մուծեր ու ստանար տեղեկատվություն, հիմա ասում են, որ անվճար է լինելու: Կարծես թե լավ բան է մամուլի համար: Բայց շատ մեկնաբանություններ կան, որոնց հիմքում սա է՝ պետական մարմինները, երբ ստեղծել են այդ տեղեկատվությունը, արդեն մենք բոլորս վճարել ենք դրա համար: Պետական մարմիններն աշխատում են բյուջեով, որի համար բոլորս հարկ ենք վճարում: Եվ հիմա ինչո՞ւ մենք պետք է լրացուցիչ գումար վճարենք, որպեսզի այդ ինֆորմացիան ստանանք: Հետո, ինչո՞ւ են տարբերակում դնում մամուլի և ոչ մամուլի միջև: Ինչո՞ւ պետք է սովորական քաղաքացի դրա համար գումար վճարի, իսկ մամուլը՝ ոչ: Երկրորդ՝ այդ ինֆորմացիան ստանալու համար պահանջվում է վերագրանցում, որը, ըստ էության, պահանջում են տպագիր մամուլից: Իմ կարծիքով՝ այսօր, առաջին հերթին՝ օնլայն հարթակներն ունեն կարգավորման կարիք: Կան մեկ օրով, ամսով ստեղծվող լրատվամիջոցներ, չկա նրանց գտնելու որևէ տվյալ, ու այս լրատվամիջոցները կարող են տպագրել ցանկացած տիպի զրպարտություն, բռնության կոչ, և ոչ ոք դրա համար պատասխան չի տա: Մյուս ավելի վատ պահն այն է, որ այդ լրատվամիջոցներն այլ կայքերի լուրերն են վերցնում՝ առանց հղման»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Կարծում եմ՝ սա պարզապես անիմաստ օրինագիծ է՝ թիթեռ նկարելու նման: Երկրի առջև կանգնած են լրջագույն մարտահրավերներ, ամեն օր խոսում ենք, որ անհրաժեշտ է պայքարել կոռուպցիայի դեմ, այնինչ կոռուպցիայի դեմ պայքարի օրինագծեր չեն ընդունվում, տնտեսական լուրջ փոփոխությունների կարիք կա. գոնե օրենսդրության տեսանկյունից տնտեսական հեղափոխությունը շատ դանդաղ է առաջ շարժվում, ու այս ամեն ինչի փոխարեն՝ առաջ է քաշվում նման օրինագիծ: Վախենում եմ, որ այս օրենքում ինչ-որ մի ստորակետ, որին ուշադրություն չենք դարձրել, իշխանությունները կարողանան օգտագործել մամուլի հանդեպ ճնշումների համար: Մի կողմից՝ դա իշխանությունների գործելակերպն է, մյուս կողմից էլ՝ տեսնում ենք, որ մամուլն աստիճանաբար շրջափակվում է: Իշխանությունը հայտարարել է, որ մամուլի հանդեպ լուրջ կարգավորումներ պետք է մտցվեն, և տեսնում ենք այս անհասկանալի օրինագիծը, տեսնում ենք, որ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սկսում է նկատողություններ տալ և պատիժներ սահմանել հեռուստաընկերությունների նկատմամբ՝ մտացածին պատճառներով: Տեսնում ենք, որ 91 դատական գործ է հարուցված լրատվամիջոցների նկատմամբ, ինչն ավելի շատ է, քան անցած 5 տարիների ընթացքում: Տեսնում ենք, որ բռնության խոսքի մասին ինչ-որ նախագիծ են առաջ քաշում: Այս ամենը մամուլը շրջապատելու նախանշաններ են, որից հետո ինչ-որ հարմար պահի կսկսեն լուրջ պատժամիջոցներ, գործողություններ»,- հավելեց նա:
Անի Կարապետյան