Մահացել է դերասանուհի Ալլա Պոկրովսկայան
Հունիսի 25-ին 82 տարեկան հասակում վախճանվել է ՌԽՖՍՀ ժոողվրդական արտիստուհի Ալլա Պոկրովսկայան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում (ՄԳԹ):
«Ալլա Բորիսովնա Պոկրովսկայան մահացել է. այս նորությունը մեզ հենց նոր է հասել, նրա հետ հրաժեշտի ժամանակը եւ վայրը հայտնի կդառնան ավելի ուշ»,- ասել է թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Տնօրենությունում նույնպես հաստատել են դերասանուհու մահվան փաստը:
Պոկրովսկայան 1959 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԳԱԹ) դպրոց-ստուդիան, ինչից հետո նրան ընդունել են «Սովրեմեննիկ»-ի թատերախումբ, որտեղ նա աշխատել է 45 տարի: Խաղացել է ավելի քան 30 դեր:
2004 թվականին Պոկրովսկայան տեղափոխվել է Չեխովի անվան ՄԳԹ: Երկար տարիներ դասավանդել է դպրոց-ստուդիայում:
Դերասանուհին նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Իտալական անձրեւ», «Այսքան կարճ երկար կյանք», «Ցերեկային գնացք», «12 աթոռ», «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ ես» եւ բազմաթիվ այլ ժապավեններ:
Ալլա Պոկրովսկայան դերասան եւ ռեժիսոր Օլեգ Եֆրեմովի կինն էր: Նրանց որդին՝ Միխայիլը, ինչպես նաեւ թոռները՝ Նիկոլայը եւ Նիկիտան, նույնպես ընտրել են դերասանի մասնագիտությունը: