Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Հունիսի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում մեկնարկած ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ պայմանավորված Մ. Գրիգորյանի առողջական վիճակով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին:
Ինչպես ավելի վաղ 168.am–ը տեղեկացրել էր՝ Մանվել Գրիգորյանին դատարան էին տեղափոխել շտապօգնության մեքենայով, իսկ նիստերի դահլիճ՝ անվասայլակով։ Դատական նիստին նա շնչում էր թթվածնային սարքի օգնությամբ:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։
Հունիսի 3-ին Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանական կողմն ահազանգում էր, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Հունիսի 6-ին դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում Գրիգորյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։
Զարուհի Դիլանյան