Դատական նիստին ներկա է Մանվել Գրիգորյանը. Նա շնչում է թթվածնային սարքի օգնությամբ
Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որին ներկա է նաև Մանվել Գրիգորյանը, ով շնչում է թթվածնային սարքի օգնությամբ:
«Մանվել Գրիգորյանին, Նազիկ Ամիրյանին մեղադրում են, որ Երկրապահի պահեստներից յուրացրել են զինվորի սնունդ, որի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Մանվել Գրիգորյանին: Ընդ որում, այդ սնունդի մի մասը ստացվել է ապրիլյան պատերազմի ժամանակ, շուրջ մեկուկես տարի մնացել է Արցախի ԵԿՄ պահեստում, հետո տեղափոխվել ԵԿՄ-ի երևանյան պահեստ:
Նրանց մեղադրում են ապօրինի զենք պահելու մեջ, քանի որ այն հայտնաբերվել է մի քանի հեկտար տարածության մեջ, որի սեփականատերը Մանվել Գրիգորյանն է: Դա նույնն է, որ Դատախազության շենքում հայտնաբերվի ապօրինի զենք, և մեղադրանք առաջադրվի ոչ թե՝ շենքի պատասխանատուին, այլ՝ շենքի սեփականատիրոջը, տվյալ դեպքում՝ կառավարության պետական լիազոր մարմնի գույքի կառավարման վարչությանը»,- նիստի ընթացքում հայտարարեց Մ. Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով նաև պնդեց՝ մեղադրական եզրակացության մեջ չկա դրվագ, որը կապացուցի, որ Մանվել Գրիգորյանը զենք է ձեռք բերել, փոխադրել, պահել:
Պաշտպանը միջնորդեց նաև հանել իր պաշտպանյալի կենսաթոշակի վրա դրված արգելանքը: Դատախազությունը որոշման դեմ չառարկեց և բավարարեց միջնորդությունը:
Նիստի ընթացքում Մ. Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ: Ի դեպ, նրան դատարան էին տեղափոխել շտապօգնության մեքենայով, իսկ նիստերի դահլիճ՝ անվասայլակով։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։
Հունիսի 3-ին Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանական կողմն ահազանգում էր, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Հունիսի 6-ին դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում Գրիգորյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։
Զարուհի Դիլանյան