Զոհրաբ Մնացականյանը Ժնևում մասնակցել է Թավշյա հեղափոխությանը նվիրված ֆոտոցուցահանդեսին
Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում հունիսի 24-ին տեղի ունեցավ 2018թ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ժողովրդավարական անցմանը նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից:
«Մենք հպարտ ենք այս հեղափոխությամբ, քանի որ սա ժողովրդի հեղափոխություն է։ Դա ոչ բռնի, խաղաղ, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն էր՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Կարծում եմ հատկանշական է, որ այս ցուցահանդեսը տեղի է ունենում հենց այն դահլիճի առջև, որտեղ մենք միասնական ջանքեր ենք գործադրում ամրապնդելու մարդու իրավունքները, համատեղ աշխատում՝ մարդու իրավունքները միջազգային հարթակում ամրապնդելու ուղղությամբ։ Սա համարեք մեր փոքր ներդրումը մարդկային կյանքի և արժանապատվության հաղթանակի գործում», – ընդգծել է ԱԳ նախարարը: