Բաժիններ՝

Մոտ 60 մլն դրամ անհետացել է «Կամազ»-ների գնումով. ո՞ւր են փողերը

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հակված չէ հավատալու, որ Երևանի քաղաքային իշխանությունը մաքուր ձեռքերով է աշխատում։ Նա այս համոզումն ունի, որովհետև ինքնուրույնաբար փոքրիկ հետաքննություն է արել գնումերից մեկի մասով և բացահայտել է խիստ կասկածելի գործարք՝ տպավորիչ թվերով:

Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից մեկ անձից գնում իրականացնելու միջոցով քաղաքապետարանի կողմից վերջերս ձեռք բերված թվով 5 «Կամազ» մակնիշի աղբահավաք ավտոմեքենաների մասին է: Եվ ահա, 1 տարվա պաշտոնավարման ընթացքում միայն այս մեկ գործարքով շուրջ մոտ 60 մլն դրամի տարբերություն է բացահայտել ՀՀԿ-ական նախկին թաղապետը ՝ Հայկ Մարությանի կողմից կատարված միայն մեկ գնումով: Նշենք, որ 236 մլն դրամ ընդհանուր արժեքով գնման կասկածելի գործարքում անհետացել է մոտ 60 մլն դրամ:

«Եվ ես՝ որպես մասնավոր անձ, անձամբ դիմել եմ ռուսական «Կամազ» ընկերությանը, 5 կամազների գնման համար գին եմ հարցրել, առաջարկել եմ գործարք՝ որպես տնտեսվարող, ընդամենը այդքանը, և առանց ավելացված արժեքի (ԱԱՀ) հարկի (ԵԱՏՄ-ի դեպքում վերադարձվում է) այդ «Կամազ»-ների ընդհանուր արժեքն ինձ առաջարկվեց մոտ 60 մլն դրամով պակաս, քան Երևանի քաղաքապետարանն է գնել: Հաշվի առեք այն հանգամանքը, որ, եթե որպես քաղաքապետ կամ պետության էկոնոմ պլանների գործարք՝ այդ հարցումն արվեր ու տեղում՝ դեմ առ դեմ գին պայմանավորվելով, ավելի էժան գին հնարավոր կլիներ պայմանավորվել»,- իր կատարած փոքրիկ հետաքննության մասին պատմում է ՀՀԿ-ական նախկին թաղապետը և հարցադրում անում քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ո՞ւր են մեր փողերը, ի՞նչ եղավ այդ 60 մլն դրամը, որ ավել է վճարվել:

– Քաջածանոթ լինելով քաղաքային իշխանության համակարգման աշխատանքներին ներսից, այսօր ի՞նչ սխալներ եք տեսնում քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա ղեկավարած թիմի մեկ տարվա աշխատանքում:

– Թեև ես իմ քննադատական խոսքն արտահայտում եմ՝ որպես քաղաքային տնտեսությանը 100 տոկոսով տիրապետող անձ, այդ թվում նաև՝ որպես նախկին քաղաքային իշխանության ներկայացուցիչ, որպես քաղաքացի, սակայն ընկալվում է միայն՝ որպես նախկին ՀՀԿ-ականի քննադատություն: Ես իմ քննադատական խոսքն ասել եմ նաև իմ քաղաքական թիմակիցների պաշտոնավարման շրջանում, և դրանից մեր աշխատանքը միայն առաջ է գնացել, համակարգում այդ մոտեցումն է եղել, նախկինում երբեք այդ կաշկանդվածությունը չեմ ունեցել, չունեմ նաև այսօր, որքան էլ փորձեն ավելորդ անգամ կաղապարել ինձ, անիմաստ է։

Խնդիրներից ամենամեծն այն է, որ մարդիկ աշխատել չգիտեն, բնակիչների հետ կոնտակտ չկա, շփումներ չունեն առհասարակ: Առնվազն մեր համայնքի բնակիչների հետ ես ավելի հաճախ եմ շփվում, քան նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են: Եվ մի կարևոր դիտարկում. 1990-ականներին, երբ համակարգ չկար, սպասարկում իրականացնողները փոխկապակցված չէին գործում, քաղաքի կանաչ հատվածը չէր ջրվում ու դեղնած-չորացած խոտածածկը վնասազերծում էին՝ վերահսկելի հրդեհներ կազմակերպելով: Այսօր նույնը Երևանի կենտրոնից մինչև արվարձաններ ձգվող բոլոր համայնքների կանաչ գոտիներում է կատարվում, ԱԻՆ-ը նախօրեին տարածել էր հայտարարություն՝ 70 հեկտար կանաչապատ տարածքներ չորացել են, ստիպված հսկվող հրդեհների միջոցով կանխարգելիչ գործողություններ են կատարել, որպեսզի քաղաքային տնտեսությունը մի օր, մարդկային գործոնով պայմանավորված, հրդեհից չկրի ահռելի վնասներ:

Սարալանջի փողոցը, Իսակովի, Հաղթանակի զբոսայգու տարածքը… ինչո՞ւ այս ոռոգելի տարածքները չեն ջրվում, խնամք չի տարվում կանաչ գոտու հետ: Այս իշխանության ամենավատ կողմն է դա՝ իրենք իրենց պատասխանատվությունը միշտ տեղափոխում են ժողովրդի դաշտ, իրենք իրավիճակի տերը չեն: Նախկինում ու մեզանից առաջ ամեն վարչական շրջանի ղեկավար ինքն իր ստանձնած մակերեսի ողջ կանաչ տարածքի համար կրում էր պատասխանատվություն: Մեր պաշտոնավարման ժամանակ ԱԻՆ-ը կանխարգելիչ արհեստական հրդեհներ չի կազմակերպել, դրա կարիքը չի եղել: Երևանի քաղաքապետն անգամ սեփականատիրոջ կողմից բարձիթողի վիճակում թողած տարածքի համար է պատասխանատու, դրա բոլոր վարչական ռեսուրսներն ինքն ունի: Իսկ որքանո՞վ են այսօր քաղաքապետն ու մյուսները մտահոգ, որպեսզի տնտեսվարողն իր պարտավորությունը կատարի միջավայրի հանդեպ, վստահ չեմ:

Ամենապրոֆեսիոնալ աշխատողն անգամ մի օր կդառնա անկարողունակ ենթակա, եթե կենտրոնաձիգ կառավարող կետից հրահանգները գրագետ չեն իջնում, եթե չկա նախաձեռնողական քաղաքականություն: Հայկ Մարությանը ճիշտ կազմակերպիչ չի, դրանում բոլորս համոզվեցինք, նա չգիտի՝ ինչ է ուզում, հրահանգիչ չի ընդհանրապես: Անգործության մեջ մարդկանց մեղադրելուց առաջ պիտի նայենք՝ ով է իրենց թիմ-լիդերը, ում հրահանգին նրանք պիտի հետևեն:

– Աղբահանության քրոնիկ դարձած խնդիրը լուծելու տարբերակներից մեկն է կարծես գտնվել: Հայկ Մարությանը հակված է ոչ թե երկրորդ օպերատորին ներգրավել, այլ՝ քաղաքացու հաշվին լուծել քաղաքային տնտեսությունը պահելու խնդիրը: Սա որքանո՞վ է ռացիոնալ մոտեցում, արդյո՞ք ի վիճակի կլինի այս թիմը ֆինանսական հոսքեր, մեքենաներ, տեխնիկա ու աշխատակազմ գրագետ տնօրինել՝ «ՍանիՏեքին» զուգահեռաբար:

Ուղիղ 1 տարի առաջ Հայկ Մարությանը դեռ ավագանու ընտրություններին քարոզարշավի հարթակից մատ թափ տալով՝ սպառնաց «ՍանիՏեքին», թե՝ գալու եմ երկրորդ օպերատորը ներմուծեմ աղբահանության ոլորտ: Մի քանի անգամ էլ բեմից ինքնագոհ հայտարարեց, թե «ՍանիՏեքի» ձեռքից աղբահանությունը վերցնելու է, ասում էր՝ մենք դժգոհ ենք նրա աշխատանքից, և սա հենց այնպես արած արտահայտություն չէր:

Ավելին, եթե նույնիսկ մենք դա իրենց բնորոշ անպատասխանատու, պոպուլիստական հերթական կոչ համարենք, ապա միջազգային ընկերության համար այն զուտ սպառնալիք է դիտարկվել։ Նման կոշտ հայտարարարություններ «ՍանիՏեքի» և այլ միջազգային ընկերությունների հասցեին արել էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Այդ կոչերից հետո «ՍանիՏեքը» հասկացավ, որ ներդրումները շարունակելու իմաստ չկա, սպասել է պետք, քանի որ ծափ տալով՝ երկրի կառավարման ղեկը զավթած, իշխանություն վերցրած, դատական իշխանություն կառավարող իշխող ուժն իրեն ոչ թե երաշխավորված գործընկերություն է խոստանում, այլ՝ ճիշտ հակառակը, մոտիկ չեկած՝ սպառնում է իրեն, թե՝ բիզնեսդ կխլեմ: Իսկ աղբահանությունը «ՍանիՏեքի» համար սոսկ բիզնես է, իսկ երբ իշխանության եկողը հայտարարում է, թե՝ գալու եմ ձեռքիցդ խլեմ, դա արդեն շատ ռիսկային հայտարարություն է իր համար:

Մանավանդ, որ հետագա զարգացումները ցույց տվեցին՝ նրանք այդպես էլ վարվում են այսօր՝ առանց խորանալու խնդիրների հանգամանքների մեջ, դրանց օժանդակելու փորձ չանելով, քաղաքակիրթ երկխոսության դաշտ չմտնելով՝ «ՍանիՏեքին» կանգնեցնում են փակուղու առաջ: Մինչդեռ Հայկ Մարությանն աղբակուտակումների մասին ցանկացած հարցի դեպքում խուճապի մեջ էր հայտնվում ու հայտարարում՝ ամեն ինչ արել եմ, որ օգնեմ «ՍանիՏեքին»… Իսկ ի՞նչ է արել իրականում։ Ոչինչ՝ խանգարելուց և խնդիրներ ստեղծելուց բացի:

Նույն Հայկ Մարությանը մտածե՞լ է երբևէ՝ բա որ «ՍանիՏեքը» քաղաքապետարանի դեմ հայցով միջազգային արբիտրաժ դիմի… Երևանի համար շատ ծանր է լինելու, դրա ողջ պատասխանատվությունը կմնա Հայկ Մարությանի վրա: Քաղաքապետն իր գլխով պատասխան է տալու այսօրվա ապաշնորհ քաղաքականության և իր որոշումների համար, միջազգային մրցույթում հաղթած ընկերությանն ինքն է կազուսի առաջ կանգնեցրել իր անկարողունակության պատճառով: Իհարկե, այս գիտակցումը չենք տեսնում ներկայիս իշխանության ընկալումներում, նրանք միայն մեղադրում են նախկիններին, որպեսզի էժանագին տրյուկներով մարդկանց ուշադրությունը շեղեն ժամանակ շահելու համար, բայց մի օր մարդիկ սթափվելու են, չէ՞:

– «ՍանիՏեքն» աշխատո՞ւմ էր Ձեր շրջանում, և ի՞նչ անել, որպեսզի պատշաճ աշխատի՝ ինչպես որ հարկն է:

«ՍանիՏեքը» նախկինում աշխատում էր, այսօր առհասարակ չի աշխատում: Ես չեմ հիշի, թե երբ եմ վերջին անգամ դատարկ աղբաման տեսել: 2018-2019-ին ներդրումներ չի արել, աղբահավաք մեքենա, աղբամաններ, աշխատուժ… սա ցուցիչ է, հասկանո՞ւմ եք, սպառնալիքի տակ ժամանակ են ձգում և քաղաքային միջավայրի աղտոտված մնալու հաշվին: Որովհետև մարդը չգիտի՝ ինքը մնալու է՝ աշխատի՞ , ներդրում անի՞, թե՞…

Ես չեմ պնդում, որ «ՍանիՏեքը» փայլուն է աշխատում, բնավ, բայց քաղաքային իշխանության պարտականությունը հենց դա է՝ այնպես կազմակերպել աշխատանքները, հարաբերությունները կարգավորել այնպես, որ «ՍանիՏեքը» չկարողանա շրջանցել իր պարտավորությունները: Սա գործընկերային պարզ ալգորիթմ է, բայց ներկայիս իշխանավորները հակված են միայն սպառնալ, ուրիշ ոչինչ: Տուգանքն ամենաթույլ էլեմենտն է կառավարման գործում, կառուցողական դաշտում էր պետք երաշխավորել գործընկերային համերաշխ մթնոլորտ, որ իրեն չեն խանգարի:

– Նպատակը ո՞րն էր:

– Նպատակը կարծես տեսանելի է դառնում, մի քիչ էլ սպասենք… Ես կասկածներ ունեմ՝ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված, բայց հակված չեմ շտապել, որոշ ժամանակ անց հայտարարություն կանեմ: Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ ամենամեծ հիմարությունն այն է, որ քաղաքացիների հաշվին Մարությանը որոշել է աղբահանություն իրականացնել և աղբատար մեծ մեքենաներ է ձեռք բերում։ Այլ հարց է, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվում ծանր տեխնիկան, որոնցից երկուսն արդեն իսկ անսարք կանգնած են գարաժում: Համայնքը չի կարող աղբահանության ֆունկցիա կատարել, լրացուցիչ բյուջե դրա համար դուրս գրելու իմաստը չկա: Ի վերջո, պարզ տրամաբանություն է՝ գոյություն ունի բնակֆոնդ, աղբահանություն և աղբամշակման գործառույթ։ Մենք այս մշակույթի աղճատված մասերն ենք միայն տեսնում, պատկերացում չունենք աղբի առաջացման ակունքից՝ մինչև մշակումից ստացվող գազ, և այլն, այդ ամբողջական տնտեսական շղթայի մասին, և ինքնահռչակվել ենք աղբահանության գործառույթ իրականացնող. դիլետանտ մոտեցում է սա: Ի դեպ, նույն «ՍանիՏեքն» էլ այդ շղթայի բացակա կապի պատճառով է, որ վատ է աշխատում, իր եկամտաբերությունը թերի է կատարվում, այդ խնդիրը լուծեք, մարդը աղբի վերամշակման գործառույթ նաև ունի, բայց տվեք այդ հնարավորությունը և պահանջեք արդյունք:

Նոր օպերատորի ի հայտ գալը որքանո՞վ եք հավանական համարում:

– Գրեթե չեմ համարում: Կարճաժամկետ թափառող իդեաներ են, երկար կյանք չունեն: 5 մլրդ դրամի հասնող բյուջե է նախատեսված աղբահանության նպատակով, պատկերացնո՞ւմ եք, սա կիսվի երկու ընկերությունների միջև… դա ուղղակի անհնարին է, երկրորդ օպերատորի շահագրգիռ լինելու հիմքեր չկա..:

– Քաղաքային իշխանության հաջորդ նախաձեռնությունը գույքահարկն ահռելի չափերով ավելացնելուն է ուղղված: Սա ի՞նչ կտա քաղաքին և քաղաքային ֆոդին:

– Իդիոտիզմ… Անհնարին եմ համարում, մենք բնակֆոնդում խնդիրներ ունենք: Կան բնակարաններ, որոնց կադաստային արժեքը գնահատված է մինչև 3 մլն դրամ, և դրանք ազատված են գույքահարկից, և այդ խավը քիչ թիվ չի կազմում մեր Երևանում: Այս իշխանությունը երբեք իր նախաձեռնություններում խորքային ուսումնասիրություն, գենպլան չունի, իրադրային որոշումները միայն զարգացած երկրներից գողացված գաղափարներ են, և նպատակը մեկն է՝ փող հավաքագրել։ Բնակչությունը թույլ չի տա հենց էնպես ցանկացած նախաձեռնություն բրթել առաջ, մեր համաքաղաքացիներն այլևս ուրիշ պահանջներ ունեն: Իսկ սոցիալական խնդիրները միշտ ու բոլոր ժամանակներում լուրջ խոչընդոտ է եղել իշխանությունների համար, բայց այսօրվա ղեկավարությունը նույնիսկ վերելակների դեպքում ասում է՝ հավաքեք բնակիչներով, ձեր խնդիրը լուծեք։ Հարց եմ տալիս՝ եթե մարդիկ այդ 50 հազար դոլարը կարողանային հավաքեին, էլ քեզ ինչի՞ համար էին ղեկավար կարգում, մի կտուրի հարց չեք կարում լուծեք, դուք էլ նրա համար եք, որ «Կամազ»-ների ոչ խելամիտ գնումներ իրականացնեք, այո՞:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս