Բաժիններ՝

Գյուղացիները պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, պահանջեն կրած վնասների փոխհատուցում ու այլընտրանքի ստեղծում

Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները քիչ առաջ բացել են դեպի «Թեղուտ» ՓԲԸ-ը տանող ճանապարհը, որը փակել էին առավոտյան ժամը 05:00-ից:

Բնակիչները պահանջում էին, որ ընկերությունն առաջին հերթին իրենց ընդունի աշխատանքի:

Նշված վայր է ժամանել Շնող-Քարկոպ-Թեղուտ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ով գյուղացիներին վստահեցրել է, որ մինչև երկուշաբթի ընկերության ղեկավարության հետ կքննարկի բարձրացված հարցը և այդ օրը հստակ պատասխան կտա:

Բնակիչների խոսքով՝ ընկերությունն արդեն ավարտել է աշխատանքի ընդունման գործընթացը և չի կարող աշխատանքի ընդունել Շնողի և Թեղուտի բնակիչներին: Աշխատողները հիմնականում Ալավերդիից են, որտեղ, ինչպես հայտնի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունից հետո փակվել է Ալավերդու պղնձաձուլական գործարանը:

Այնինչ, Շնող խոշորացված համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարները խոստացել են աշխատատեղերի կեսից ավելին հատկացնել Շնողի բնակիչներին, սակայն իրենց խոստումը չեն պահել:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հ/կ ղեկավար  Օլեգ  Դուլգարյանի փոխանցմամբ՝ գյուղացիների պահանջն այն է, որ իրենց աշխատանքով ապահովեն:

«Ընկերությունը նախկինում ինչ-որ խոստումներ է տվել, հիմա դրա պահանջն են  առաջ քաշում: Միևնույն ժամանակ, որքան ինձ հայտնի է, ընկերությունն ուշադրություն է դարձնում նեղ մասնագիտական կարողություններին, քանզի որպես այդպիսին՝ ուղղակի բանվորի աշխատանք գրեթե չկա, ավտոմատացված է: Բացի այդ՝ ընկերությունն ըստ էության չի աշխատում արտադրանք տալու առումով, ինչը նշանակում է, որ հիմա ամբողջ ծավալով չի կարող աշխատանքի ընդունելություն կատարել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Օլեգ Դուլգարյանը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  հ/կ ղեկավարի հաղորդմամբ՝  հանքարդյունաբերության և գետերի, ջրերի աղտոտման պատճառով հողը դեգրադացվել է:

«Ապրում են խեղաթյուրված և մահացող գյուղատնտեսության պայմաններում: Այդ պայմաններում առավել քան երբևէ պետք է գյուղացիները պայքարեն իրենց իրավունքների համար, խոսքը սոսկ աշխատատեղերը չեն, այլ այլընտրանքի ստեղծումն իրենց համար և կրած վնասների փոխհատուցումը»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ Թեղուտի հանքը շուտով պատրաստ կլինի վերագործարկման: Նրա խոսքով՝ Թեղուտը, ինչպես Հայաստանի մյուս  լեռնահանքային ձեռնարկությունները, ընդերքից պղնձի հանքաքար արդյունահանելով՝ արտադրում է խտանյութ, այն ունեցել է ժամանակավոր դադար, իսկ հիմա, տնօրինության հավաստիացմամբ. նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

Նշենք, որ այժմ Թեղուտի հանքա­վայրը  ռուսաստանյան «ՎՏԲ-Հայաստան» բանկի հսկո­ղության տակ է: Բանկի ղեկավարությու­նը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոս­քը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում ևս հանքարդյունաբերու­թյամբ է զբաղվում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս