«Եթե Ծառուկյանը կապ ունենար, հիմա 5000 հոգով էին տարել ընդեղ». Գագիկ Ծառուկյանը՝ իրեն բերման ենթարկելու հնարավորության մասին
«Դատարկ-դատարկ խոսում ես, դու մի հատ հասկացի՝ ինչ ես ասում, նոր: Ախր, չի կարելի էդքան դատարկ-դատարկ…»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հարցից, թե հնարավո՞ր է իրեն բերման ենթարկեն, վրդովվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ մամլո խոսնակը չի կարող քննիչի դեր ստանձնել, քննիչի պատասխանն իր փաստաբանն ուղարկել է:
Դիտարկմանը, որ բոլորը պետք է օրենքին ենթարկվեն, Ծառուկյանը հակադարձեց. «Աչիկ ջան, դու գնա քո ձևով օրենքին ենթարկվի, Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում է: Չի կարելի, հասկանում ես, անհարմար ա, ամբողջ ժողովուրդը սպասում ա, դուք նյութ եք գտել ասելու, թեման փոխելու, այլ գնացեք գործը բացահայտեք: Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի»:
Պատգամավորը լրագրողին մեղադրեց հանձնարարություն ստանալու ու «լարված» ԱԺ գալու և իրեն նման հարցեր տալու համար.
«Անտեղի, անհեթեթ, ամբողջ լրատվական ծառայությունը եկել ա, ինչ որ… Ես ասում եմ՝ ուղարկել եմ փաստաբանին, մինչև ԱԺ թուղթն ուղարկել եմ, մենք դրա պատասխանը փակել ենք: Հասկանում ես, սաղ խնդիրը մի կաթիլ մեղրն ա եղել: Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի, Ծառուկյանը իր կարծիքն ա ասել, որը և մեր քանի պատգամավոր նույն կարծիքն ասել ա: Ի՜նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը…»:
Նա հարցադրում արեց՝ ո՞նց կարող է պետք լիներ, ինքը չգնար: Նրա խոսքով՝ այս ամենը շոու է և եթե իր կարիքը լիներ՝ «5000 հոգով էին տարել»:
«Ո՞նց եք պատկերացնում՝ ես պետք լինեի, անհրաժեշտ լիներ՝ չգնայի: Ո՞նց եք պատկերացնում: Ծառուկյանը գործի հետ կապ չունի: Տասնյակ պատգամավորներ ասել են, դա մեր կարծիքն ա, որ եթե չբացահայտվեց, իրոք, դա սարքված ա: Ծառուկյանն ի՞նչ կապ ունի դրա հետ: Եթե Ծառուկյանը կապ ունենար, հիմա 5000 հոգով էին տարել ընդեղ: Բայց դրա կարիքը չկա, հիմա ուզում են ինչ-որ թեքեն, խախտեն, ուղղությունները շեղեն…»,- ասաց Ծատուկյանը: