«Չորրորդ նախագահի լեգիտիմությունը չի քննարկվում մեկ իրավաբանի կարծիքով». Վահե Գրիգորյան

«Բացառման կանոնով պետք է առաջնորդվես՝ եթե դա դատական իշխանության կամ օրենսդիր իշխանության մաս չի, դա գործադիր է: Եվ ընդհանրապես, եթե Դատախազության գործառույթները նայեք, դրանք կլասիկ գործադիր գործառույթներ են: Հայաստանում Դատախազության նկատմամբ վերաբերմունքն էականորեն թելադրված է ռուսական կայսրությունում Դատախազության կառույցի ունեցած դերով, որը որոշ մասով պահպանվեց Սովետական Միությունում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի դիտարկումը, թե դեմ է քվեարկելու Գրիգորյանի թեկնածությանը, քանի որ նա ասել է, որ Դատախազությունը գործադիրի մաս է կազմում:

Ըստ նրա՝ ՀՀ անկախացումից հետո Դատախազությունն իր գործառույթները պահպանել է, հետո դատախազական վերահսկողությունն այլ ոլորտների նկատմամբ պահպանվեց, և դրանով հանդերձ՝ Դատախազությունը մոտեցավ գործադիրի կարգավիճակին:

Վ.Գրիգորյանը նկատեց, որ սա տեսական վեճ է, և զարգացած արդարադատության ավանդույթ ունեցող երկրներում Դատախազությունը մտնում է գործադիրի մեջ. «Այնպես որ, այստեղ զարմանալու որևէ բան չկար: Ես զարմացած եմ, որ…»:

Անդրադառնալով ԲՀԿ-ականների մտահոգություններին, որ Վ.Գրիգորյանի կողմից ոչ լեգիտիմ համարվող նախագահի կողմից է եղել առաջադրումը, այսինքն՝ ամբողջ գործընթացը լեգիտիմ չէ, Վ.Գրիգորյանը նշեց, որ ինքը քննադատել է չորրորդ նախագահի՝ պառլամենտի կողմից ընտրվելու կարգը.
«Անկախ նրանից, թե Վահե Գրիգորյանը՝ փաստաբան, իրավաբան, ինչ կարծիք ունի ընտրության կարգի իրականացման սահմանադրականության հետ կապված, չորրորդ նախագահի լեգիտիմությունը չի քննարկվում մեկ իրավաբանի կարծիքով»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս