Սամվել Ալեքսանյանն ու Համլետ Ղուշչյանն առերեսվել են
Երեկ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հանդիպել է իրեն ծանր հանցագործության մեջ մեղադրող լրագրող Համլետ Ղուշչյանին: 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Քնննչական կոմիտեում նրանք առերեսվել են ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Սամվել Ալեքսանյանը շարունակել է պնդել, որ իրենց միջև երբևէ հանդիպում չի կայացել, և, որ էկրանից իրեն ծանոթ լրագրող Ղուշչյանին առևանգելու փորձ չի արել ու առհասարակ դրա դրդապատճառը չի ունեցել: Մինչդեռ հակառակ կողմը՝ Համլետ Ղուշյանը, շարունակել է պնդել, որ իրեն լռեցնելու համար Սամվել Ալեքսանյանը 2001 թվականին առևանգել է իրեն և, «կրիմինալ» տեսարան նկարագրելով, լրագրողը պնդել է, որ Սամվել Ալեքսանյանը՝ ատրճանակը գլխին պահելով, սպառնացել է իրեն:
Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեում գործ էր հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա:
Հեղափոխությունից հետո Ղուշյանը hraparak.am-ին տված հարցազրույցում ասել էր, թե այսօրվա պես հիշում է՝ ինչպես էր 2001թ. Սամվել Ալեքսանյանն առևանգել իրեն։
Առևանգման պատճառը, ըստ նրա, իր հեռուստահաղորդումն է եղել, որի ժամանակ հեռուստադիտողը զանգել ու բողոքել էր Ալեքսանյանի ընկերության արտադրանք «Լուսաստղ» օղու որակից:
Ղուշչյանի ներկայացմամբ՝ իրեն հենց այդ դեպքից հետո են առևանգել։ Ալեքսանյանը հեռուստալրագրողի մեղադրանքները որակում է՝ որպես իր բարի համբավն արտավորող քայլ:
Ս. Ալեքսանյանը կտրականապես հերքում է՝ պնդելով, որ Ղուշչյանին միայն հեռուստաէկրանից է տեսել: «Ես առևանգող մա՞րդ եմ, ա՛յ ցավդ տանեմ, ի՞նչ եք ուզում ինձանից: Ինձ չառևանգեք՝ ես կարա՞մ ուրիշին առևանգեմ: Վայ թե Ղուշչյանն ա ընձի առևանգել»,- «Ազատության» հետ զրույցում իրեն հատուկ ոճով մեկնաբանել էր գործարարը:
Սամվել Ալեքսանյանի խոսքով՝ փորձում են իր բարի համբավը արատավորել, և կարծում է, որ Համլետ Ղուշչյանն ինչ-որ մեկի պատվերն է կատարում. «Մեկը սովորացրել ա… կամ մեկը դրդել ա, կամ էլ՝ գժվել ա էդ մարդը: Էրկուսից մեկը կլինի: Իմ հեղինակության հետ ա ուզում խաղալ, էդքան բան»:
Իսկ Հ. Ղուշյանը պնդում է, որ ոչ ոք իրեն չի դրդել, և առևանգման մասին իր պնդումները հիվանդ երևակայության արդյունք չէ: Ասում է՝ դեպքն իսկապես տեղի է ունեցել:
Ավելին, նա պնդում է, որ նախկինում հանցագործության մասին իր հաղորդումներն իրավապահներն անտեսել են, և իրեն կաշառելու փորձ է արվել, միայն թե լռի:
Նշենք, որ Քննչական կոմիտեն Ալեքսանյանին հարցաքննել է՝ որպես վկա, նա մեղադրյալի կարգավիճակ չի ստացել:
Սյուզի Բադոյան