«Կունենանք կարտոֆիլի դեֆիցիտ և բարձր գներ, իսկ քաջապանծ «Երևան Սիթին» էլի կգնա, Բելառուսից աղբը կբերի». Հրաչ Բերբերյան
«Գարունն արդեն ավարտին է մոտենում: Այսօր էլ անցած տարվա կարտոֆիլը 200-350 դրամ է շուկայում, իսկ վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի նվազում, այսինքն, ցանքատարածությունները ոչ թե ընդլայնվել, այլ պակասել են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:
«Եթե չեմ սխալվում՝ հանրապետություն է ներկրվել մոտ 800 տոննա կարտոֆիլի սերմացու: Ինչ վերաբերում է որակին, ապա տեղեկություն ունենք, որ սերմացու բերվել է Պորտուգալիայից: Պորտուգալիան՝ ուր, սերմացուն՝ ուր: Այսինքն, ներկրել են այն պետություններից, որոնք գնում Գերմանիայից կամ Նիդեռլանդներից են ձեռք բերում: Այստեղ խաբեություն կա, պետք է հետևողական լինել, որ գյուղացին չխաբվի: Արդյունքում՝ 4000 տոննայի փոխարեն՝ ներկրել ենք 800 տոննա: Բնականաբար, սերմնաթարմացումը 5 անգամ թերի է կատարվում: Այսինքն, կրկին ցանքատարածությունների պակաս կունենանք, խոսքը գնում է 18-20 տոկոսի մասին: Էլի կունենանք կարտոֆիլի դեֆիցիտ և բարձր գներ, իսկ քաջապանծ «Երևան Սիթին» էլի կգնա, Բելառուսից աղբը կբերի, կլցնի խանութներ»,- մանրամասնեց Հրաչ Բերբերյանը:
Անդրադառնալով մսի շուկային՝ Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարը նշեց.
«Կարծես թե մսի գինն էժանացել է, բայց, երբ համեմատում ենք անցած տարվա հետ, ապա մոտ 800 դրամով թանկ է այս ժամանակահատվածի համար: Սպառումն է պակասել, որովհետև ժողովուրդը հիմա հիմնականում տապակած կանաչեղեն, բանջարեղեն է ավելի շատ օգտագործում Այսինքն՝ մսի արտադրությունը չի ավելացել, սպառումն է պակասել»:
Անի Կարապետյան