«Բոլոր կուսակցություններն էլ ուզում են գողոնի իրենց փայն ունենալ»

«Անկախ նրանից՝ դա գործա՞րք էր իշխանության հետ, թե՞ անկեղծ ընդդիմություն է, միևնույն է՝ «Բարգավաճ Հայաստանը», ինչպես և մյուս բոլոր կուսակցությունները, ձգտում է վերցնի իշխանական լծակները և երկրի հիմնական գողոնը ինքը տանի, ուրիշ խնդիր նա չունի: Ամբողջ փիլիսոփայությունն ուղղված է դրան: Ես չեմ ուզում միայն Հանրապետականին և «Բարգավաճին» նշել, բոլոր կուսակցություններն էլ ուղղված են դրան: Միայն հատուկենտ անհատներ կան կուսակցությունների ղեկավար կազմերում, ովքեր այդպիսին չեն: Անգամ այն կուսակցությունները, որոնք սոցիալիստական ուղղվածություն ունեն, նրանք էլ են ուզում գողոնի իրենց փոքր փայն ունենան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը ` ի պատասխան մեր հարցադրմանը, թե ի վերջո ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուակցությունը չմտավ կոալիցիայի մեջ, իրականում ի՞նչ է նշանակում նրա «այլընտրանքային ուժ» ինքնահորջորջումը, արդյո՞ք դա իշխանական մի խաղ է ընդդիմադիր էլեկտորատին մասնատելու համար, թե՞ ուներ այլ նպատակ:

«Կարևորագույն խնդիրը հենց այս փիլիսոփայությունն է: Եթե մարդ դեռ գողանալու հնարավորություն չի ունեցել, նա ազնիվ է: Երբ նա ունեցավ գողանալու հնարավորությունն ու չարեց, ուրեմն՝ նա այդպիսի մարդ չէ, իսկ եթե նա այդ հնարավորությունը դեռ չի ունեցել, պետք չի ասել, որ նա ազնիվ մարդ է: Մանավանդ երբ նա ասում է, որ մարդը պետք է լինի չաղ, ուրախ և բախտավոր: Ցանկացած կուսակցություն դավանում է հենց այդ գաղափարը: Կա՞ որևէ կուսակցություն, որն ասի, թե մարդն աշխարհ չի գալիս հարստություն կուտակելու համար, և հարստություն կուտակելը հանցագործություն է: Այն, ինչ ասացի, ուղղակի հայ առաքելական եկեղեցու ֆունդամենտալ բանաձևերից մեկի վերաձևակերպումն էր: Քրիստոսն ասում է. «Ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի անցքով, քան հարուստը` Աստծու արքայությունով»: Մարդը ստրուկն է հարստության: Եվ հանուն հարստության ինչ հանցագործություն ասես` կատարվել է նաև Հայաստանում: Մարտի 1-ը հանուն հարստության գնդակահարված 10 հոգին է»,- ասաց Ա.Մանուչարյանը:

Ելնելով այս ամենից` Ա.Մանուչարյանն  առաջարկում է Հայաստանի քաղաքական նորացման իր բանաձևը: «Այս դիմակահանդեսի մեջ հայ ժողովրդի և Հայաստանի համար ոչ մի հեռանկար չկա: Հեռանկարը պետք է փնտրել բոլորովին ուրիշ տեղում` ժողովրդի ինքնակազմակերպման մեջ: «Ինքակազմակերպում» բառից էլ մարդիկ թող չվախենան, դա ընդամենը նույնն է, ինչ արեցինք Ղարաբաղյան շարժման ժամանակ: Սակայն հիմա շատ ավելի կատարյալ ձևով կարող ենք անել, քանի որ գրագետ մարդկանց հսկայական շրջանակ ունենք, հասարակական նախաձեռնություններ կան: Հիմա պետք է այդ ամենն ամբողջականացնել: Դա ժամանակակից լեզվով ասած` քաղաքացիական հասարակության ձևավորումն է: Ահա այստեղ արդեն հեռանկար կա»,- նշեց նա:

 

Կարդացեք նաև


Տեսանյութեր

Լրահոս