Բաժիններ՝

Թուրք գրող․ «Թուրքիայում դեմոկրատիայից «Դ»-ն էլ անգամ չի մնացել»

Թուրքիայից հարկադրաբար հեռացած գրող Ասլը Էրդողանը անդրադարձել է Թուրքիայի սոցիալ–քաղաքական զարգացումներին։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ընդդիմադիր «Özgür Gündem» թերթի դեմ ընթացող դատավարության շրջանակներում «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» մեղադրանքով 2016թ․ բանտարկված, իսկ ազատ արձակվելուց հետո՝ 2017թ․ Գերմանիա տեղափոխված գրողը Թուրքիայի մոտ ապագայի հանդեպ հավատ չունի։

Խոսելով Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման մասին՝ Ասլը Էրդողանը նշել է, որ իրականում նման բան սպասելի էր․ «Թուրքիայում այսօր ժողովրդավարությունից ոչինչ չի մնացել, անգամ դրա ամենապարզունակ տարրը՝ ընտրությունները։ Մենք սա պետք է ընդունենք։ Թուրքիայում դեմոկրատիա կոչվածի «Դ»-ն էլ անգամ չի մնացել», – ասել է գրողը։

Նա համոզմունք է հայտնել, որ ընդդիմադիր ուժերի կողմից նոր ընտրությունների բոյկոտը կարող է ռիսկային լինել, քանի որ իշխանություններն այդ դեպքում ավելի ազատ կլինեն իրենց կամայականությունների մեջ։ Բայց միևնույն ժամանակ Ասլը Էրդողանը վստահ է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) այս անգամ ամեն ինչ շատ լավ է հաշվարկել և ծրագրել, ուստի ուղղակի հնարավոր չէ, որ նոր ընտրություններում ԱԶԿ-ն չհաղթի։

Գրողի խոսքով՝ Թուրքիայում իրականում ֆաշիզմ է տիրում և երևույթի անունը նույնիսկ այնքան կարևոր չէ, որքան հենց ինքը՝ բուն իրավիճակը։

«Մի մարդ ձեզ վրա բարկանում է և դուք արդյունքում ցմահ ազատազրկման եք դատապարտվում։ Այսինքն, սա կատակ չէ։ Նման դեպքում մյուս չափանիշները, ակադեմիական քննարկումները միանգամայն անիմաստ են», – ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս