ԱրՊՀ-ում ռազմական ամբիոն ունենալու գաղափարը ողջունելի է. Կարեն Աբրահամյան
Ողջունում եմ Արցախի պետական համալսարանում ռազմական ամբիոն ունենալու անհրաժեշտությունը, և կարծում, որ այդ հարցում Պաշտպանության բանակը կարող է համագործակցել մայր բուհի հետ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Արցախի պետական համալսարանում ուսանողների հետ կայացած հանդիպմանը ասել է ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը և համոզմունք հայտնել, որ աշխատանքի մեծամասնությունը կարող է ստանձնել Պաշտպանության բանակը` հաշվի առնելով ունեցած ուսումնական բազան:
«Մենք պատրաստ ենք համագործակցել և՛ մասնագետների համալրման, և՛ մի շարք այլ հարցերում: Սակայն, կարծում եմ, որ պետք է անցկացնել հարցումներ, թե ինչքանով է անհրաժեշտ ռազմական ամբիոն ունենալը մայր բուհում: Նշեմ նաև, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ-ում գործում է «Պատիվ ունեմ» ծրագիրը, որին մասնակցում են նաև արցախցի ուսանողները: Այդ նպատակով որոշակի օրենսդրական փոփոխություններ են կատարվել նաև Արցախում»,- տեղեկացրել է Կ. Աբրահամյանը: