Օպերային թատրոնում տեղի կունենա Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» ներկայացման առաջնախաղը
Չնայած Օպերային թատրոնում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, որոնք Օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի աշխատանքները որոշ չափով դժվարացրել էին, թատրոնում ստեղծագործական աշխատանքները չեն դադարում, և շուտով հանրության դատին կհանձնվի ևս մեկ օպերային ներկայացում։
Մայիսի 29-ին Օպերային թատրոնում տեղի է ունենալու Ջոակինո Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» ներկայացման առաջնախաղը, որի երաժշտական ղեկավարը և դիրիժորը Մկրտիչ Բաբաջանյանն է, նա Գերմանիայից է ժամանել Հայաստան։
«Արդեն երկար ժամանակ է՝ հաճախ եմ գալիս Հայաստան, և զբաղվում ենք տարբեր նախագծերով։ Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի առաջին կատարումը տեղի կունենա Հայաստանում, այն հայաստանյան ունկնդիրը դեռևս չի լսել, չնայած Եվրոպայում վերջին 15 տարիներին այդ առումով մեծ իրարանցում է, քանի որ բոլոր թատրոնները գրեթե բեմադրում են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մկրտիչ Բաբաջանյանը։
Նա տեղեկացրեց, որ օպերային ներկայացմանը մասնակցելու են 18 մենակատարներ, նվագախումբ, երգչախումբ։
Օպերային երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանն էլ տեղեկացրեց, որ մայիսի 14-ին և 15-ին Օպերային թատրոնում կբեմադրվի բալետային ներկայացում՝ նվիրված լուսահոգի Վահագն Մարգարյանին։
Զվարթ Խաչատրյան