Մեյը մտադիր չէ փոխել Brexit-ի ռազմավարությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ընդունելով, որ իշխանության տեղական մարմինների ընտրությունները կառավարող Պահպանողական կուսակցությանը հեշտությամբ չտրվեցին, դեռեւս մտադիր չէ փոխել Brexit-ի ռազմավարությունը։
«Լավ համաձայնագրով դուրս գալը, որը մենք համաձայնեցրել ենք, լավագույն տարբերակն է, որը մենք ունենք: Համաձայնագրով ԵՄ-ից դուրս գալը, որն աշխատում է երկրի բոլոր հատվածների բարօրության համար, լավագույն որոշումն է»,-ասել է Մեյը՝ մայիսի 3-ին Ուելսի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչների հանդիպմանը հանդես գալով ճառով, որն սկզբում ընդհատել են վարչապետին ուղղված պաշտոնաթողության կոչերով:
«Ես պայքարելու եմ այդ նպատակին (ԵՄ-ից համաձայնագրով դուրս գալուն) հասնելու համար»,-խոստացել է Մեյը, հավելելով, որ առաջվա պես բացասական վերաբերմունք ունի մյուս տարբերակների՝ առանց համաձայնագրի դուրս գալու եւ Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեն անցկացնելու նկատմամբ:
Վարչապետն ընդունել է, որ տեղական ընտրությունները հաջող չեն եղել Պահպանողական կուսակցության համար: Թեեւ առայժմ հաշվել են քվեաթերթիկների միայն կեսը, բայց արդեն պարզ է, որ ե՛ւ պահպանողականները, ե՛ւ լեյբորիստները ինքնակառավարման տեղական մարմինների՝ նախօրյակին կայացած ընտրությունների ընթացքում զգալի կորուստներ են կրել, իսկ բրիտանացիները, որոնք հոգնել են շարունակվող քաղաքական երկպառակություններից, պատրաստ են իրենց ձայները տալ փոքր կուսակցությունների ներկայացուցիչներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: