Ռոուհանին ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իրանը շարունակելու է նավթի արտահանումը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նավթ մատակարարել, չնայած պատժամիջոցներին, եւ ԱՄՆ-ը գիտի այդ մասին։
Ինչպես հայտնել է Nehr գործակալությունը, Ռոուհանին նշել է, որ Վաշինգտոնը «սխալ որոշում» է ընդունել՝ վճռելով զրոյի հասցնել իրանական նավթի արատահանումը: «Նրանք կտեսնեն, որ առաջիկա ամիսներին մենք կշարունակենք նավթի մեր արտահանումը»,- գործակալությունը մեջբերել է Իրանի նախագահի խոսքը: Ռոուհանին ասել է, որ ԱՄՆ-ը ձգտում է նվազեցնել երկրի արժութային եկամուտները, եւ հավելել է, որ աստծո օգնությամբ Իրանը «ծնկի կբերի Ամերիկային»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 29-ին երկարացրել է այն բռնարգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի եւ նավթամթերքների մատակարարումների վրա: Հրամանագրում Միացյալ Նահանգների ղեկավարը վստահություն է հայտնել, որ աշխարհում բավականաչափ նավթ կա, եւ կարելի կլինի անհիվանդագին դադարեցնել Իրանի հետ համագործակցությունն այդ բնագավառում: «Աշխարհում բավականաչափ նավթ ու նավթամթերք է արտադրվում այլ երկրների կողմից, բացի Իրանից, որպեսզի օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կողմից Իրանից նավթի եւ նավթամթերքների գնումների զգալի կրճատում թույլ տրվի»,- նշել է պետության ղեկավարը:
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Իրանը ոչ ոքի թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում, նշելով, որ դատապարտում է Բահրեյնի եւ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը, որոնք պաշտպանում են ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի նավթի արտահանման դեմ: Մինչ այդ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները մեծ սխալ գործեցին՝ քաղաքականացնելով նավթը եւ այն օգտագործելով որպես զենք: Նա հավելել է, որ Իրանն առավելագույն ջանքեր կգործադրի՝ «խափանելու ԱՄՆ-ի պատժամիջոցները»:
Նախարարը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ը չի կարողանա զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը: Նա այս հայտարարություններով հանդես է եկել այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ը մայիսի սկզբից ոչ մի բացառիկ արտոնյալ ժամանակաշրջան չի նախատեսում այն երկրների համար, որոնք այժմ ամերիկյան պատժամիջոցների գործողության տակ կհայտնվեն Իրանից նավթ գնելու համար:
Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը 180 օր ժամկետով բացառություն էր արել ութ երկրների ու տարածքների համար, որոնք Իրանից ածխաջրածիններ են ներմուծում, որպեսզի նավթի գների աճ թույլ չտրվի աշխարհում, ինչպես նաեւ ժամանակ տրվի այլընտրանքներ գտնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: