«Եվրամիության ներկայացուցչին` Սվիտալսկուն, կանչե՞լ են, այս հարցը դրե՞լ են նրա առջև…». Դավիթ Շահնազարյան

«Երևի մեր իշխանություններն արտաքին քաղաքականության նոր կոնցեպցիաներ ունեն: Իրենց նոր կոնցպետում Վրաստանի տարածաշրջանային դերն էապես փոխվել է ըստ էության. Հայաստանի հետ հարաբերություններում, Ադրբեջանի հետ… Այդ ամենը պետք է փորձել ուսումնասիրել, հասկանալ ու չթերագնահատել»,- «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդման ընթացքում հայտարարել է քաղաքագետ, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Բանախոսի կարծիքով` Եվրոպայի հետ նույնպես լուրջ խնդիրներ կան, որի մասին ինքը բարձրաձայնել է դեռևս հոկտեմբեր ամսին` իշխանություններին կոչ անելով զբաղվել այդ խնդրով, և հիմա վերջիններս կանգնել են փաստի առաջ:

«Երբ Հայաստանը, այսինքն` նախկին իշխանությունները, ստորագրեցին Եվրամիության հետ ընդլայնված ու համապարփակ համագործակցության համաձայնագիրը, դա մեզ համար նաև անվտանգության խնդիր է, թեպետ ասում են` Եվրոպան անվտանգության բաղկացուցչի մեջ չկա, բայց այնուամենայնիվ, դա անվտանգության խնդիր էր նաև, որովհետև այդ փաստաթղթի նախաբանում նշված են Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային իրավունքի այն 3 սկզբունքները, որոնցով պետք է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի` ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում: Դեռ այն ժամանակ ես ասել եմ` ուշադիր աշխատեք Բրյուսելի հետ, որովհետև Ադրբեջանի հետ պատրաստվող համաձայնագրում այս կետերը չկան»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Վերջինս նշեց, որ ինքն աշնանը զգուշացրել է իշխանություններին, որ այդ կետերը հանվել են Ադրբեջանի հետ կնքվելիք նախնական փաստաթղթից, սակայն իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել: Ավելին, դրանից հետո վարչապետ Փաշինյանը Բրյուսել է մեկնել ինչ-որ անհասկանալի օրակարգով` այնտեղ բարձրացնելով Արցախի` բանակցային կողմ դառնալու խնդիրը, որի տեղը չէր, ու շատ դաժան պատասխան ստանալով: Այնինչ գլխավոր խնդիրը հենց այդ 3 կետերի հարցն էր, որը պետք է բարձրացներ Բրյուսելում, ու Եվրամիությանը մեղադրեր ոչ միայն կրկնակի ստանդարտների մեջ, այլև որ նման քայլով պատերազմ է հրահրում:

«Ադրբեջանը մեր նոր իշխանությունների օրոք այնքան արտաքին քաղաքական  ձեռբերումներ է ստացել, այնքան է լկտիացել, որ սկսել է պահանջել, որ Եվրամիությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախը` որպես Ադրբեջանի մաս: Արտգործնախարարությունը դրա հետ կապված ինչ-որ անկապ հայտարարություններ է անում, երբ որ պետք է վեր կենային, գնային մեծ խմբով Բրյուսելում նստեին ու բարձրացնեին այդ հարցը. Չեն արել: Փոխարենն այնտեղ Փաշինյանն էլի հեղափոխությունից էր խոսում: Եվրամիության ներկայացուցչին` Սվիտալսկուն, կանչե՞լ են, այս հարցը դրե՞լ են նրա առջև»,- տարակուսել է Դավիթ Շահնազարյանը:

Նա կարծում է, որ հետագայում մեր իշխանությունները Եվրոպային մեղադրելու են երկերեսանիության մեջ, այնինչ պետք չէր անգործություն ցուցաբերել, լրջագույն խնդիրների առջև կանգնել, հետո բողոքոլ, որ արդարություն չկա: Սա, ըստ քաղաքագետի, կամ դիտավորյալ վարվող քաղաքականություն է, կամ բացարձակ ոչ կոմպետենտություն:

«Ի դեպ, վարչապետը Բրյուսելում հանդիպում ունեցավ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Խորհրդարանականները շատ լավ լծակ են, բայց նույնիսկ այնտեղ այդ հարցը չբարձրացրեց: Մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել Եվրախորհրդարանի ընտրություններին, այնտեղ արդեն այն վիճակն է, որ հայտնի չէ, թե ինչ պետք է լինի, սակայն նույնիսկ այդ վիճակում Ադրբեջանն ակտիվ այնտեղ աշխատում է, իսկ մենք գոյություն չունենք»,- ասաց Դ. Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս