Բաժիններ՝

ԲՀԿ-ն չի մասնակցի աշխատանքային խմբի քննարկումներին, սակայն ցանկացած որոշում իրենց համար ընդունելի կլինի. Մելքումյան

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մինչև երկրորդ ընթերցումը կստեղծվի աշխատանքային խումբ: Այս մասին որոշում այսօր ընդունվեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ խմբում ներգրավվելու համար արդեն ցանկություն է հայտնել Էկոնոմիկայի նախարարությունը, նաև ցանկություն կունենան ներգրավվելու Ֆինանսների նախարարությունը, ՏՄՊՊՀ-ն:

«Կփորձնք այս կնճռոտ խնդիրը մաքսիմալ լուծել»,- ասաց Բ.Թունյանը:

Հանձնաժողովի նիստին ուշացմամբ միացավ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը և հայտարարեց, որ բոլորն էլ կողմնակից են, որպեսզի բովանդակային քննարկում կազմակերպվի:

Գագիկ Ծառուկյանի՝ շահագրգիռ անձ լինելու վերաբերյալ նա նշեց, որ Ծառուկյանը հարգել է կոլեկտիվի կարծիքը, մասնակցել է, ներկայացրել է կոլեկտիվի դիքորոշումը.

«Իր մասնակացությունը բխել է հենց կոլեկտիվի նկատմամբ պատասխանատվությունից: Ինչ էլ որոշեք, դա լինելու է «Իմ քայլի» պատասխանատվությունը»:

Մելքումյանը հայտարարեց, որ չեն մասնակցի աշխատանքային խմբի քննարկումներին, սակայն ցանկացած որոշում իրենց համար ընդունելի կլինի. «Որևէ խնդիր պարոն Ծառուկյանի անձնական շահերի հետ որևէ կապ չունի»:

Բ.Թունյանն իր հերթին՝ հայտարարեց, որ այդ դիրքորոշումը հասկանալի է. «Մենք ընդունած որոշումների համար մեր պատասխանատվությունը հասկանում ենք, և պատրաստ ենք կրել: Ցանկալի կլիներ, և եթե ուզում ենք կառուցողական քննարկում ունենալ, կարող եք մասնակցել քննարկումներին: Խմբի աշխատանքը բաց է»:

«Կյանքը ցույց կտա»,- արձագանքեց Մելքումյանը:

Նիստին ներկա ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ քննարկումներին իրենց չմասնակցելը վերաբերում է միայն այդ դրվագին (ցեմենտի խնդրին.- խմբ.):

«Դուք կրում եք քաղաքական պատասխանատվություն: Մենք ըմբռնումով կմոտենանք ձեր յուրաքանչյուր որոշմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս