Բաժիններ՝

««ՍանիՏեքին» 13 մլն դրամով տուգանել ենք, եթե այսպես շարունակեն, ապա կրկին կտուգանենք»». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով աղբահանության հետ կապված խնդիրներին՝ նշեց, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ Երևանում պետք է լինի երկու օպերատոր։

Ըստ քաղաքապետի, բացի «ՍանիՏեք» ընկերությունից, եղել է նաև շվեդական ընկերություն, որը պետք է դառնար խաղացող աղբահանության բնագավառում։

«Այնուհետև անհասկանալի պատճառնելով հաղթող ճանաչվեց «ՍանիՏեք» ընկերությունը, այնտեղ երկու տարբեր ՍՊԸ են, մի տեղում «ՍանիՏեքն» է, մյուսում՝ «ՍանիՏեք» ինթերնեյշնլը։  Բնականաբար, սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր, քանի որ այն մեքենաները, որոնք բերել էին, նորմալ վիճակում էին և աշխատում էին։ Իմ քաղաքապետ ընտրվելուց անցել է վեց ամիս, հոկտեմբերին, երբ ստանձնեցի իմ պարտականությունները, շատ վատ վիճակում էր ամբողջ Երևանի աղբահանությունը, մի քանի ամսում մենք կարողացանք բերել նորմալ ռեժիմի՝ հորդորելով, որ ընկերությունը ենթակապալառուներ վերցնի, և փոխանցեն գործառույթն իրենց։ Քանի որ ֆիզիկապես չէին հասցնում կուտակված աղբը հանել։ Ամեն դեպքում իրավիճակը շտկվեց, և այս խոսակցություններն այլևս չկային»,- նշեց Հայկ Մարությանը։

Նա նաև հավելեց, որ «ՍանիՏեք» ընկերությանը զգուշացրել են, որ իրենց ունեցած  մեքենաներով այլևս հնարավոր չէ շարունակել աշխատել, ինչին ի պատասխան՝ ընկերությունից նշել են, որ ֆինանսներ չունեն։

«Մեր գործողություններն ու հարաբերություններն այդ ընկերության հետ բացարձակապես պայմանագրի ներքո է։ Իրենք մեզ ասել են, որ ունեցել են բանավոր պայմանավորվածություններ, իսկ մենք ասում ենք՝ հարգելիներս. կներեք, այդ պայմանավորվածությունները մեզ հետ չեն եղել։ Այս պահին ընկերությանը տուգանել ենք 13 մլն դրամով, եթե այսպես շարունակվի, պետք է կրկին տուգանքներ լինեն։ Միևնույն ժամանակ՝ մեր կոմունալ վարչություններն աշխատում են իրենց թերությունները վերացնելու ուղղությամբ, բայց առանց աղբատար մեքենաների՝ դա հնարավոր չէ։ Մեր մրցույթը բողոքարկվել է, դրա դեմ դիմել ենք դատարան, քանի որ այդ բողոքն անհիմն է»,- ընդգծեց Հայկ Մարությանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս