Նոտր Դամի համար նվիրատվությունների հանգանակություն են բացել Ֆրանսիայի կառավարության կայքում
Ֆրանսիայի կառավարության կայքում հայտնվել են հղումներ, ըստ որոնց բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել հրո ճարակ դարձած՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
«Հրդեհից հետո, որն ավերեց Նոր Դամ դը Պարի տաճարի մի մասը, բազմանում են վերակառուցման միջոցների հանգանակության ակցիաները: Չորս կառույցներ պետության հետ աշխատում են, որպեսզի յուրաքանչյուրին թույլ տրվի մասնակցել այդ գանձի վերականգնմանը»,- ասված է կայքի հաղորդագրության մեջ: Այդ կազմակերպություններն են դարձել՝ Ազգային հուշարձանների կենտրոնը (Centre des monuments nationaux), Նոտր Դամ հիմնադրամը (Fondation Notre-Dame), Ժառանգության հիմնադրամը (Fondation du Patrimoine) եւ Ֆրանսիայի հիմնադրամը (Fondation de France):
Միջոցների հանգանակությանը նվիրված էջերում նշված են հաստատագրված գումարներ, որոնք սկսվում են 30 եվրոյից, բայց կա նաեւ պատուհան կամավոր չափով գումարի մուծման համար: Նվիրատվության փոխարեն բարեգործը հնարավորություն կստանա կրճատելու իր հարկային վճարումները:
Բացի դրանից, միջոցների հանգանակություններ են կատարվում միանգամից մի քանի առցանց-հարթակներում, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է բացել իր «գանձանակը» ցանկացած կարիքների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: