«Մարդասիրական դրական պայմանավորվածություններին զուգահեռ՝ կողմերը պահպանում են իրենց ամուր դիրքորոշումները»․ փորձագետ
«Հումանիտար պրոյեկտներ իրականացնելու շուրջ համաձայնությունը նոր փուլ է կարգավորման գործընթացում, բայց այն չի վերացնելու կողմերի միջև առկա լուրջ բնույթի հակասությունները»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Ըստ տարածված համատեղ հայտարարության, ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները:
Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը՝ շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։
Մաքֆարլեյնն արձանագրեց, որ առաջին անգամ վերջին շրջանում կողմերին հաջողվեց մի փոքր հարցում համաձայնության գալ, որը դրական ազդակ է հետագա գործընթացների համար։ Այսինքն, ըստ նրա՝ սրանով հաջողվեց այս պրոյեկտների իրականացման շրջանում փոքր-ինչ նվազեցնել ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը՝ ինչ-որ առումով նաև հետաձգելով կարգավորման սկզբունքների, ձևաչափի հարցում կողմերի միջև առկա լուրջ հակասությունների շուրջ ակտիվ քննարկումները։
«Դրական է, որ նման հարցերում կոնսենսուս կա, բայց այս հարցերի քննարկումների ետևում այս պահին մնացին կարևոր հարցերը։ Գուցե դրանք ևս նախատեսված է, որ պետք է քննարկվեն, բայց կարգավորման որոշիչ հարցերն այս երկուսն են և, ի վերջո, կողմերը պետք է քննարկեն այդ հարցերը, փորձեն մոտեցնել այս հարցերում իրենց ունեցած տարաձայնությունները։ Տեսնում ենք, որ այս գործընթացին զուգահեռ՝ նշածս կարևոր հարցերում կողմերը պահպանում են իրենց ամուր դիրքորոշումները։ Բայց կրկնեմ, որ մարդասիրական բնույթի միջոցառումները, ժողովրդական դիվանագիտության զարգացումը, որը ժամանակին եղել է հակամարտության առկայության պարագայում, ապա դադարեցվել, կարող է դրական անդրադառնալ ժողովուրդների միջև առկա տրամադրությունների, տրամադրվածության վրա, և գուցե այս գործընթացում հասունանա մի պահ, երբ փոխզիջումներն ավելի ընդունելի դիտարկվեն հասարակությունների կողմից։
Իրավիճակը կրկին բարդ է ու բազմաշերտ, քանի որ մի կողմից՝ կա առաջընթաց, բայց չկա առաջընթաց կարգավորման հարցերի շուրջ, կողմերից յուրաքանչյուրը շարունակում է կարևորել այն սկզբունքը, որի իրականացման շրջանակում ակնկալում է ստանալ զիջումներ հակառակորդ կողմից՝ դրա դիմաց չզիջելով էական ոչինչ։ Այնուամենայնիվ, բանակցությունն է լուծումը, և նման պայմանավորվածությունները ծառայում են, որպեսզի այդ շփումները կայուն լինեն, շարունակվեն, և գուցե այդ գործընթացում ավելի էական հարցերի համար հնարավորություն բացվի»,- ասաց Մաքֆարլեյնը։
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ հանդիպումը կազմակերպվել է Մոսկվայում, վերլուծաբանն ասաց, որ հանդիպումն ըստ էության ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայությամբ էր՝ լինելով առանձին նախաձեռնություն։ Ըստ նրա՝ համանախագահների ներկայությունը նշանակում է, որ կա աջակցություն Ռուսաստանի քայլերին, և օրակարգը համաձայնեցված է միջնորդ երկրների կողմից՝ հաշվի առնելով ՌԴ առանձնահատուկ բնույթի հարաբերությունները կողմերի հետ։ «Կողմերը կարող են սեպարատ քայլերի հույսեր ունենալ, բայց ես կարծում եմ՝ դրա հնարավորությունը ներկայումս չկա»,- ասաց նա։