«Եթե ուզում են մոնոպոլիայի վերջը տալ, ապա, ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված՝ 18:00-ից հետո պետք է փակեն սուպերմարկետները». Հրաչ Բերբերյան
«Գյուղատնտեսության ոլորտում բանջարեղենի ցանքատարածությունները պակասել են»,- ահազանգում է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:
«Հայաստանում մոտ 4000 տոննայի սերմի պահանջարկ ունենք միայն կարտոֆիլի համար, իսկ լոլիկի ու մյուս բանջարեղենների դեպքում մոտ 15.000 հեկտար տարբեր տեսակի սերմացուի պահանջարկ կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը:
Նրա փոխանցմամբ՝ մոտ 4 տարի է՝ որակյալ սերմացու չի ներկրվում Հայաստան:
«Գյուղատնտեսության հիմնական ուղղություններից մեկը սերմնաթարմացումն է: Իսկ պարարտանյութ ստանում ենք այնքան, որքան գյուղացին կարողանում է մշակել: Այս տարվա պարարտանյութը վատ որակի չէ, Ռուսաստանինն է»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է տարածված խոսակցություններին, թե միշտ Թուրքայից են անորակ սերմեր բերվել, «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարն ասաց, որ նման բան չի եղել:
«Հիմնականում կարտոֆիլի սերմ բերվում է Գերմանիայի միջակ ֆիրմաներից մեկից, Հոլանդիայից է շատ որակով գալիս: Բայց դա սահմանափակ քանակությամբ է: Ինչ վերաբերում է բանջարեղենի սերմերին, ապա մեծ մասամբ բերում են Իտալիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից: Ի դեպ, Ռուսաստանից հնարավոր է՝ բերեն թուրքական խառը արտադրանքը»,- նշեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարը:
Անդրադառնալով շուկայում մոնոպոլ դիրք գրավող ընկերություններին՝ Հրաչ Բերբերյանը նշեց. «Եթե ուզում են մոնոպոլիայի վերջը տալ, ապա ամբողջ աշխարհում ընդունված է՝ 18:00-ից և 19:00-ից հետո փակել սուպերմարկետները: Հարյուր անգամ ասել ենք, բայց չգիտեմ, թե ինչո՞ւ այստեղ այդպես չեն անում: Եթե անեն, ապա փոքր բիզնեսը կշահի, թե չէ դրել են, 24 ժամով աշխատում են»:
Անի Կարապետյան