Բաժիններ՝

Եգիպտոսն ԱՄՆ-ին ծանուցել է «արաբական ՆԱՏՕ»-ին մասնակցելուց հրաժարվելու մասին. Reuters

Եգիպտոսն ԱՄՆ-ի իշխանություններին ծանուցել է, որ հրաժարվում է մասնակցել Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքի (MESA, որը նաեւ հայտնի է որպես «արաբական ՆԱՏՕ») ձեւավորմանը: Այդ մասին ապրիլի 10-ին հայտնել է Reuters գործակալությունը:

Նրա տվյալներով՝ եգիպտական կողմն այդ որոշման մասին ծանուցել է ԱՄՆ-ին եւ ենթադրվող մերձավորարեւելյան դաշինքի մյուս մասնակիցներին, հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր: Եգիպտոսի իշխանություններն իբր անհանգստացած են, որ այդ միության կնքումը լարվածություն կառաջացնի Իրանի հետ հարաբերություններում:

Նաեւ եգիպտական կողմի նման որոշման պատճառներից մեկը, Reuters գործակալության տվյալներով, դարձել է 2020 թվականին երկրորդ ժամկետով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու հետ կապված անորոշությունը: Երկրի իշխանություններն իբր զգուշանում են, որ ԱՄՆ-ում մեկ ուրիշի իշխանության գալու դեպքում մերձավորարեւելյան այդ միության գոյությունն սպառնալիքի տակ կհայտնվի:

Սպիտակ տանը դեռեւս չեն պատասխանել գործակալության տեղեկատվությունը հաստատելու ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին: ԱՄՆ-ի մտահղացմամբ, «արաբական ՆԱՏՕ-ի» կազմում պլանավորվում է ներառել Պարսից ծոցի վեց երկրները (Բահրեյն, Կատար, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման, Սաուդյան Արաբիա), ինչպես նաեւ Եգիպտոսն ու Հորդանանը:

Հունվարի կեսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն շրջագայություն է կատարել այդ երկրներում, որտեղ մի շարք բանակցություններ է վարել դրանց ղեկավարների հետ: Ուղեւորության գլխավոր խնդիրներից մեկը ութ երկրների դիրքորոշումների մերձեցումն էր MESA-ի ստեղծման համար: Կոալիցիայի նպատակն սպառնալիքներին դիմակայելն է տարածաշրջանում եւ տնտեական ու էներգետիկական փոխգործակցության ակտիվացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս