Բաժիններ՝

«Ասեցի՝ մորքուր ջան, ինչ ուզում ես՝ արա, ես քեզ գերեզմաններ հասցնողը չեմ».  ինչի՞ց են վախենում տաքսիների վարորդները 

Պարզվում է՝ մեր օրերում քաղաքացիներից շատերը խուսափում են տաքսի նստել, որովհետև, ասում են՝ չգիտես, թե  ինչպիսի՞  մարդ կլինի  վարորդը: Պարզվում է՝ տաքսու վարորդներն էլ  են նույն վիճակում. մտածում են՝  ո՞վ է լինելու հերթական ուղևորը, ժպիտո՞վ են բաժանվելու, թե՞ բռունցքներով:

1000 դրամ տվեցին, բայց 5000 դրամի մանր ուզեցին

71-ամյա վարորդ Սարգիսը, 17 տարի է՝ տաքսի է վարում, սակայն ասում է՝ որոշել է այս գործը թողնել ու աշխատանքի այլ տարբերակ մտածել, որովհետև արդեն հոգնեցնում են խմած, հարբած, շատ խոսող, անկապ հարցեր տվող ուղևորները:

«Չես պատկերացնի՝ ինչքան եմ հոգնել: Հաճելի է, երբ նստում են, խնդրում են տեղափոխել նշված հասցեով ու ամբողջ ճանապարհին անիմաստ չեն խոսում: Հա, ասում են,  թե վարորդները շատ են խոսում, ուղևորների զահլան տանում են, բայց իրականում հակառակն է:  Ժամանակների հետ սա էլ փոխվեց, ու կրակն ընկանք:  Անընդհատ շեղում են, չեն մտածում՝  թողնենք՝ հանգիստ վարի մեքենան, որ ապահով տեղ հասնենք: Ամենօրյա խցանումները՝ մի կողմից, իրենց անդադար խոսելը՝ մյուս: Մի անգամ չդիմացա՝ մի կնոջ իջեցրեցի ճանապարհի կեսին, ասեցի՝ տվածդ փողը քեզ ուտի, վերցրու գնա, մենակ գլուխս մի տար: Խոսելը՝ մի կողմ, բա որ լինում են նաև մարդիկ, ովքեր մի քանի կիլոմետր քշել են տալիս, հետո ասում են՝ կայանիր մի տեղ, գնամ խանութից  բան առնեմ ու գամ: Գնում ու հետ չեն գալիս:

Մեկը մի անգամ հաշվիչը միացնել տվեց՝ 5700 դրամի քշել տվեց, հետո, թե՝ մտնեմ խանութ ու գամ. 1.5 ժամ սպասեցի, այդպես էլ չվերադարձավ:

Սովորաբար խուսափում եմ  կանգնել, երբ տեսնում եմ՝ մարդը խմած է, չնայած ոչ միշտ է բախտս բերում: Երբեմն տեսնում ես՝ կոկիկ հագնված է, փողկապով է, բայց պարզվում է՝ ալկոհոլի ազդեցության տակ է: Ցավալին այն է, որ հաճախ նաև հարբած կանայք են հանդիպում:  Վախը միշտ սրտումս  է:

Մի անգամ երեք հոգի Զեյթունից նստեցին՝ Կենտրոն պետք է տանեի, հետո փոշմանեցին, թե՝ չէ, Ավտոկայան, ու ամբողջ ճանապարհին վախենալու բաներ էին խոսում՝ սրա հետ վիճեցի, նրան ծեծեցի, և այլն: Ինձ մոտ ընդամենը 6000 դրամ փող կար՝ հազարանոցներով: Մոնումենտի մոտ 1000 դրամ տվեցին՝ դրեցի վերնաշապիկիս գրպանը, մեկ էլ, թե՝ մանրը տուր, մենք այստեղ իջնում ենք:

Հարցրի՝ ի՞նչ մանր,  պարզվեց, որ 1000 դրամ տվել են, բայց 5000 դրամի մանր են ուզում: Հետո հարձակվեցին ինձ վրա, լավ է, որ մի քիչ պարապած էի, հարվածեցի, երեքն էլ փախան»:

Ուղևորս ինձ սուրճ հյուրասիրեց

45-ամյա վարորդ Արմենն էլ պարծենում է՝  իրեն փորձել է ապահովագրել, տեղափոխում է հիմնականում կանանց:

«Տղաների շատ հազվադեպ եմ տեղափոխում: Ուղևոր եմ ունեցել՝ ասել է՝ արի գնանք միասին սուրճ խմենք: Տեսել եմ՝ լավ ուղևոր է եղել, գնացել եմ: Վերջում էլ տաքսու գումարը չեմ պահանջել: Հա, չիմանաս, թե տղա է ինձ հրավիրել սուրճ խմելու, աղջիկ էր»,- անկեղծացավ տաքսու վարորդը:

Շատ հանգիստ խմող էր, քնեց, մինչև հասանք նշված վայր

60-ամյա վարորդ Հովսեփն ասում է՝ արդեն այնքան լավ է սկսել  գործում հմտանալ, որ վտանգավորներին հեռվից է նկատում ու չի տեղափոխում:

«Մի օր շատ խմած մի մարդու  ընկերները նստեցրին տաքսի՝ գումարը վճարեցին, հասցեն տվեցին ու ասացին՝ դե տար: Շատ հանգիստ խմող էր, քնեց, մինչև հասանք նշված վայր, հիմա արթնացնում եմ՝ ոչ մի կերպ չի ստացվում: Նայում եմ՝ դիմավորող էլ չկա: Չգիտեի՝ ինչ անել: Մեկ էլ տեսնեմ՝ հարևաններից մեկը որոշեց  քնելուց առաջ ևս մեկ անգամ տնտղել բակը:  Ձայն տվեցի, թե՝ իջեք, տեսեք ո՞ր հարկում է ապրում, ո՞վ է, ասեք, թող գան տանեն: Պարզվեց՝ հենց այդ ուղևորի հայրն էր: Օգնեցի, գտան իրար (ծիծաղում է,- Ա.Կ)»:

Սպիտակ վերարկուով կինը մեքենայիս հավասար վազում էր

35-ամյա վարորդ Արամն էլ պատմեց, թե տարիքով մի կին գիշերվա կեսին ու ձմեռվա բքին տաքսին կանգնեցրել ու հրահանգել է, թե՝ քշի՛ գերեզմաններ,  սակայն ինքը հրաժարվել է:

«Մանկուց վախ է եղել մեջս: Ասեցի՝ չէ, մորքուր ջան, ինչ ուզում ես՝ արա, ես քեզ գերեզմաններ հասցնողը չեմ:  Զայրացավ, թե՝ էս ի՞նչ ձև ա, ու դուռը ինչքան ուժ ուներ՝ շրխկացրեց: Փողոցում լուսավորությունը շատ վատ էր, այդ կնոջ հագին էլ սպիտակ վերարկու էր, երբ  ուզեցի հեռանալ՝ մեկ էլ տեսնեմ՝ էս մեր մորքուրը մեքենայիս հավասար վազում է: Հա,  գերեզմանների անունը լսելուց հետո երևի դրա ազդեցության տակ էի, սկզբում մտածեցի՝ հոգի է: Շատ սարսափելի էր: Հետո ուշքի եկա, կանգնեցի, պատուհանը բացեցի ու ասեցի՝ մորքուր ջան, ոնց լինի՝ հիմա ուրիշ տաքսի կգա, մենակ թե ինձ հանգիստ թող, ես քեզ գերեզմաններ չեմ տանելու: Նա էլ, թե՝ հասկացանք, տղա ջան, ուղղակի կանգնի՝ վերարկուս հանեմ մեքենայիդ դռան տակից»:

Վարպետ ջան,  շուռ գանք՝ կանգնի

Գյումրեցի 44-ամյա վարորդ Լևոնն էլ հիշում է. «Մի ուսանող տղա նստեց տաքսի, ընկերոջ տուն էր գնում, բայց տեղը չգիտեր: Մի քանի սխալ շենքի մոտ կանգնեցինք, որովհետև անընդհատ ասում էր՝ սա չի, բայց հաստատ  մյուսն է, վերջում էլ, թե ՝ վարպետ ջան,  շուռ գանք՝ կանգնի: Ասի՝ տղա ջան, ճիշտ է՝ քո բերած ոլոր-մոլոր ճամփեքից գլուխս արդեն պտտվում է, բայց հույս չունենաս, որ շուռ կգանք, ես հմուտ վարորդ եմ: Շատ-շատ թեքվեմ, կանգնեմ՝ իջնես: Ընթացքում հայերենի դասեր եմ անցկացնում, էլի…»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս