Բաժիններ՝

«Իրավական տեսակետից սահմանվա՞ծ է, թե ինչ է ֆեյքը, ինչ է մանիպուլյացիան. ես նման բան չեմ լսել». Քաղտեխնոլոգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին կառավարության նիստում ԱԱԾ տնօրենին հանձնարարեց պայքարել սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվող ֆեյք լուրերի դեմ։

«Սոցիալական ցանցերում կան հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրո՞ք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի։ Էս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ ֆեյքերի դեմ պայքարելու է «շատ զգույշ», «շատ մտածված»:

«Ֆեյք կլինի, թե սովորական անձ, եթե գրառումների մեջ չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացնելու առիթ չունեն։ Եթե կա հանցակազմ, ԱԱԾ–ն և մյուս իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցներ, որպեսզի կանխեն ու բացահայտեն այդ հանցագործությունը»,- ասել էր Ա. Վանեցյանը։

Իսկ ապրիլի 5-ի երեկոյան հանձնարարականն արդեն կատարվեց. Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը բացահայտվել է, հարցաքննվել է, հարուցվել է քրեական գործ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ քրեական գործը հարուցվել է ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա նշանակում է խոսքի ազատության խոչընդոտում:

«Ես չգիտեմ՝ իրավական տեսակետից սահմանվա՞ծ է, թե ինչ է ֆեյքը, ինչ է մանիպուլյացիան: Ես նման բան չեմ լսել: Հիմա որ ասում են՝ մանիպուլյացիա, դա քրեորեն պատժելի՞ է, թե՞ չէ: Այն առնվազն 4-5 նշանակություն ունի և՛ քաղաքականության, և՛ հոգեբանության, և՛ ճշգրիտ գիտությունների մեջ: Չեմ կարծում, որ մանիպուլյացիան քրեորեն պատժելի է: Ապրանքի սովորական գովազդն անգամ մանիպուլյացիա է: Բայց եթե մանիպուլյացիան ուղղված է նրան, որ դա նպաստում է ահաբեկչություն կատարելուն, ազգային, ռասայական խտրականությանը, համոզված եմ, որ այստեղ ԱԱԾ-ն գործ ունի անելու: Նույնը՝ նաև Ֆեյսբուքի կեղծ էջերի դեպքում: Դա նույնն է, ոնց որ լրագրողներին կեղծ անուն-ազգանունով նյութ գրելու համար ձերբակալեն: Եթե ազգային անվտանգության, ներքին անվտանգության տեսակետից վտանգ չկա, ֆեյք է, թող լինի՝ ինչ անուն էլ ուզում է, թող դնի: Կարծում եմ, եթե քրեական տարր է պարունակում, ապա ոստիկանությունն էլ կարող է այդ հարցով զբաղվել՝ հատկապես վիրավորանքի և սպառնալիքի դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս