Ռուանդա՞, թե՞ Ռուսաստան. Արտգործնախարարի առաջնահերթությունը
Ապրիլի 5-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Անկախ պետությունների համագործակցության երկրների արտգործնախարարների հանդիպումները հնարավորություն են տալիս համեմատել անդամ-երկրների դիրքորոշումները միջազգային օրակարգի առավել ակտուալ խնդիրների վերաբերյալ, օգնում են մշակել համաձայնեցված մոտեցումներ, իսկ վերջնարդյունքում՝ բարձրացնել ԱՊՀ հեղինակությունն աշխարհում»,- իր ողջույնի խոսքում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
Հատկանշական է, դժվար է հիշել համենայնդեպս նման դեպք, որ նախարարն անձամբ ներկա չգտնվի նման կարևորության հավաքի, սակայն այս անգամ, ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունների, Զոհրաբ Մնացականյանը չի մասնակցել ԱՊՀ խորհրդի նիստին։ Նա գտնվում է Ռուանդայում՝ առանձին ծրագրով ու օրակարգով։ Մասնավորապես, ՀՀ արտգործնախարարը որպես բանախոս՝ ելույթ է ունենալու Կիգալիում կայանալիք «Կվիբուկա 25» միջազգային վեհաժողովին, մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին: Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ռուանդայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ԱԳ նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի շրջանակներում նախարար Մնացականյանն այցելելու է «Smart Africa» կենտրոն:
Իհարկե, կարելի է բանավիճել այն հարցի շուրջ, թե արդյոք Ռուանդա՞ այցն էր այս դեպքում ավելի կարևոր, թե՞ Ռուսաստան այցը։ Բոլորովին չստվերելով Ռուանդա՝ ՀՀ արգործնախարարի այցի կարևորությունը, քանի որ, մասնավորապես, ցեղասպանությունների կանխարգելման ու ճանաչման հարցն իսկապես կարևոր է, այնուհանդերձ, հռետորական հարցեր են առաջանում, որոնք շատ գործնական նշանակություն ունեն Հայաստանի, հատկապես վերջին շրջանի, արտաքին քաղաքականության համար։
Արդյո՞ք Ռուանդան է Մինսկի խմբի համանախագահը, որից կախված է, մասնավորապես, Արցախի հնարավոր վերադարձը բանակցային սեղան, թե՞ այնուամենայնիվ, ճիշտ կլիներ, որ ևս մեկ առիթ օգտագործվեր ու այս հարցը քննարկվեր ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ։
Արդյո՞ք Աֆրիկյան միությունն այս դեպքում Հայաստանի համար ավելին է՝ իր մարտահրավերներով ու խնդիրներով, քան Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ԱՊՀ, եվրասիական կամ ՀԱՊԿ տարածքները։
Արդյո՞ք այսքանից հետո արժե զարմանալ այն փաստից, որ ՀՀ արտգործնախարարը մեկնում է Մոսկվա, և ընդունելություն տեղի չի ունենում ՌԴ արտգործնախարարի հետ։
Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ գրել էր, որ մարտի 22-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գաղտնի կերպով, առանց պաշտոնական որևէ հաղորդագրության, մեկ օրով մեկնել էր Մոսկվա, որտեղ, ինչպես պարզվեց՝ Վիեննայի հանդիպմանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքների նպատակով հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ: Ըստ մեր աղբյուրների՝ Զ.Մնացականյանն այդ օրը հանդիպում էր խնդրել Լավրովի հետ, սակայն մերժվել էր այն, այդ իսկ պատճառով միայն հանդիպում էր տեղի ունեցել Պոպովի հետ: Իհարկե, ԱԳՆ-ից ոչ պաշտոնապես հերքեցին մեր այս լուրը, սակայն պաշտոնապես դեռ որևէ մեկնաբանություն չի հնչել։
Զոհրաբ Մնացականյանը շատ արդյունավետ և երկար տարիներ, դեռևս նախորդ իշխանությունների օրոք, աշխատել է Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում և անձնական շփումներ ունի ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ. միգուցե դրանո՞վ է պայմանավորված նրա այցելության այս նախընտրանքը։ Գուցեև դիսկոմֆորտ է, այս փոխհարաբերությունների պայմաններում ներկա գտնվել ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը վարել է Լավրովը, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի համար շատ ավելի կարևոր, արդիական օրակարգ կար Մոսկվայում, և ոչ թե՝ Ռուանդայում։
Եվ վերջինը. ինչ խոսք, շատ կարևոր է ցեղասպանություններին նվիրված պաշտոնական միջոցառումներին մասնակցությունը, սակայն այդ դեպքում հարց է ծագում՝ եթե իսկապես ՀՀ ԱԳՆ կողմից այդքան կարևորվում են նման միջոցառումները, այդ դեպքում ինչո՞ւ 2018թ. տարեվերջին Հայաստանում այդքան անշուք և աննշան կերպով կազմակերպվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երրորդ գլոբալ ֆորումը։