Երևանը պետք է պահի դիրքերը

Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ ՀՀ կառավարությունը և ինքն անձամբ հետևողական քայլեր են ձեռնարկելու Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու ու արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու:

«Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ, առավել ևս, նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»,- մասնավորապես ասել է Ն.Փաշինյանը:

Ո՞րն է լինելու Հայաստանի Հանրապետության հաջորդ քայլը, եթե Արցախը բանակցություններում ներգրավելու առաջարկը մերժվում է: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, դեմ է արտահայտվել ձևաչափի որևէ փոփոխության, և նույն դիրքորոշումը Երևանում կրկնել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը՝ հայտարարելով, որ «որևէ հնարավոր փոփոխություն բանակցային ձևաչափի հարցում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի միջազգային հանրությանը, թե ինչի համար է ստեղծվել Մինսկի խումբը, պետք է խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն օգտագործի՝ այդ հարցը բարձրացնելու համար:

«Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ մենք ոչ թե՝ որպես պայման ենք ներկայացնում, այլ՝ որպես ձևաչափի տրամաբանություն՝ ենթադրելով, որ այն ձևաչափը, որ եղել է, և այն կողմը, ում համար 1992թ. ստեղծվել է Մինսկի խումբը, դա է ձևաչափը: Եվ ոչ մեկի կողմից, նույնիսկ Ալիևի կողմից դա պայման չի ընկալվում: Այլ հարց է, որ Ալիևը համաձայն չէ, որ Արցախն այս ձևով ներկա լինի բանակցություններում, բայց չի ներկայացնում որևէ հակափաստարկ կամ տրամաբանություն: Ես կարող եմ ասել, թե ինչու Ալիևը համաձայն չէ և մինչև վերջ չի համաձայնի դրան: Որովհետև վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանը ԼՂ հիմնահարցի խնդիրը ներկայացնում էր՝ որպես Հայաստանի ագրեսիա Ադրբեջանի հանդեպ, որը, իհարկե, անհեթեթ է, և նույնիսկ Ադրբեջանի ժողովուրդը դրան չի հավատում, էլ չասած՝ ՄԽ համանախագահները»,- ասաց Հ.Իգիթյանը:

Ըստ նրա՝ ՄԽ հայտարարության փիլիսոփայությունն առաջին հերթին ուղղված է բարենպաստ պայմաններ ստեղծելուն, որ հնարավոր լինի ուղղակի վերսկսել բանակցությունները, ուղիղ շփումները. «Այս պայմաններում Հայաստանը պետք է շարունակի ներկայացնել իր տեսակետը: Ու կգա մի պահ, երբ մեր այդ փաստարկին, որ Հայաստանը ներկայացնում է ՀՀ քաղաքացիներին, Ադրբեջանը՝ Ադրբեջանի քաղաքացիներին, այդ թվում՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքին, և մնում է ժողովրդի մի մաս, որը ներկայացված չէ սեղանի շուրջ, և որի ներկայացուցիչը պետք է լինի Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը: Եթե Ադրբեջանը չհամաձայնի, պետք է ներկայացնի հակափաստարկներ: Այո, ձևաչափը չպետք է փոխվի, ձևաչափի մեջ եղել են բանակցային գործընթացի երեք մասնակիցներ՝ Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանը պետք է միջազգային հանրության հետ աշխատանք տանի բոլոր հարթարկներում՝ դեսպանատներում, խորհրդարանական հարթակներում, գործադիր իշխանության կողմից՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար. «Չպետք է սպասել, որ ադրբեջանական կողմն ասի` դե լավ, որ ասում եք, թող գան՝ բանակցեն: Այդպես չի լինելու: Պետք է աշխատենք, որ բոլոր մայրաքաղաքներից միատեսակ ուղերձ գա, որ պետք է խնդիրը լուծել, իսկ դրա համար արդյունավետ ֆորմատ է պետք»:

Ըստ նրա՝ Հայաստանը Մինսկի ֆորմատը փոխելու որևէ առաջարկ չի արել, ընդհակառակը՝ Հայաստանը միշտ Մինսկի ֆորմատը պահպանելուն ուղղված քայլեր է արել և դատապարտել է Ադրբեջանի կողմից այդ հարցը այլ հարթակներ տեղափոխելու փորձերը. «Արցախի վերադարձը ձևաչափի փոփոխություն չէ, որովհետև Մինսկի խմբի ձևաչափով է լինելու: Եվ դա նոր ձևաչափ չի, դա եղել է մինչև Քոչարյանի նախագահ ընտրվելը: Հետևաբար, ես դա չեմ կարող դիտարկել՝ որպես ֆորմատի փոփոխություն: Սակայն ՄԽ համանախագահների հայտարարության մեջ այդ արտահայտությունը կարող էր վերաբերել Արցախի վերադարձին, որովհետև իրենք ասում են՝ միակողմանի մի փորձեք ֆորմատը նոր կողմով ավելացնել: Բայց եթե իրենք Արցախին դիտարկում են՝ որպես նոր կողմ, մենք դիտարկում ենք՝ որպես նախկինում եղած: Այսինքն՝ տարբեր ընկալումներ են»:

Է.Մարուքյանը նշեց, որ Արցախում Անվտանգության խորհրդի համատեղ նիստ անցկացնելը շատ կարևոր ուղերձ է. «Երևի թե առաջին անգամ համակարգված ձևով Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց: Եվ դա ներքին օգտագործման չէր, այլ արտաքին: Միջնորդները սկզբունքները պետք է մեկնաբանեն ոչ թե Ալիևի սրտով, այլ միջազգային ստանդարտները պետք է հստակեցվեն»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս ողջունեց Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհրդի համատեղ նիստի անցկացումը: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, սակայն, միաժամանակ դժգոհություն հայտնեց, որ հանրությունն այդպես էլ չլսեց իր սպասելիքների պատասխանը.

«Կարող է՝ մոտ օրերս ասեն, բայց դա կիսատ էր, լիարժեք չէր: ՄԽ համանախագահների հայտարարությունը միակողմանի էր, որը չի բավարարում հայ ժողովրդին, և մեզ համար անընդունելի է: Արցախը խնդիրը կարգավորել է և լուծել է միջազգային բոլոր նորմերը պահպանելով, և այսօր, ինչպես Ադրբեջանն է անկախ պետություն, այնպես էլ՝ Արցախն է: «Եթե դե յուրե Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների»:

Տեսանյութեր

Լրահոս