«ԵՊՀ ռեկտորը մի բան ասաց, որից հետո հասկացա՝ նա հարգանքի արժանի մարդ է». Գուրգեն Եղիազարյան
«Ինքս միշտ քննադատել եմ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանին, քանի որ նրան համարել եմ Սերժ Սարգսյանի «կադրը»։ Բայց, երբ նրան լսեցի, մի բան ասաց, որից հետո հասկացա, որ նա հարգանքի արժանի մարդ է: Նա նշեց, որ ՀՀԿ-ին անդամակցել է 1997 թվականին, երբ կուսակցությունը դեռ իշխանության չէր եկել։ Այսօր «սորոսականները» լցվել են, որպեսզի ազատվեն ԵՊՀ-ի ռեկտորից։ Երեք տասնամյակից ավելի նա աշխատում է համալսարանում և միակ թերությունն այն է, որ «սորոսական» չէ, նրա փոխարեն համալսարան պետք է գնա «սորոսական» որևէ մեկը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԱԾ Նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝անդրադառնալով ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։
Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը բարդ, սակայն իրագործելի է նրանց համար, քանի որ այսօրվա իշխանություններն այդ ամենին «թև ու թիկունք» են։ Այս պարագայում, Գ. Եղիազարյանի կարծիքով՝ պետք է աջակցել ԵՊՀ-ի ռեկտորին, որպեսզի «սորոսականը» չդառնա ռեկտոր։
Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» ուսանողական խմբի անդամների միջև տեղի ունեցած միջադեպին, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ համացանցից տեղեկացել է, որ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության համար։
«Չեմ տեսնում այն եզրը, որտեղ մասնագետները կարող են նշել, թե ինչպես կարող է խուլիգանությունը վերաճել մարդու առևանգման։ Այդ գործողությունից երևում է, որ քաղաքացու իրավունքներն ուղղակի ոտնահարելով, վեց հոգով նրան բռնելով ու նկարահանելով տանում էին, որպեսզի գցեին աղբամանի մեջ։ Ովքեր էին գնացել այդ գործողությանը՝ «սորոսական» խմբի մի հատվածը, որը համալսարանում իբրև ուսանող է»,- նշեց Գ. Եղիազարյանը։
Զվարթ Խաչատրյան