«Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համագործակցությունը դեռ գտնվում է չափորոշիչների համաձայնեցման փուլում». Զախարովա
«Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համագործակցության ուղղությամբ աշխատանք տարվում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ Պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ապրիլին Իրանում էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալելու նպատակով քառակողմ հանդիպում է անցկացվելու:
Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան կողմ է տարածաշրջանում ցանկացած փոխշահավետ տնտեսական համագործակցությանը: «Էլեկտրաէներգիայի փոխանակումը, հաշվի առնելով Իրանում սպառման սեզոնային տատանումները, հեռանկարային և պահանջված ուղղություններից մեկն է: Գիտենք, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում, բայց դեռ գտնվում է կողմերի կողմից հնարավոր համագործակցության չափորոշիչների համաձայնեցման փուլում»,- ասաց Զախարովան:
Այլ մանրամասներ՝ կոնկրետ ծրագրերի մասով, որոնք վերաբերում են, մասնավորապես, գազի տարանցմանը, այդ թվում՝ Իրանից, Զախարովան չփոխանցեց:
ՌԴ ԱԳ Պաշտոնական ներկայացուցիչը նշեց, որ առավել մանրամասն տեղեկատվություն այս հարցերով կարող է տրամադրել ՌԴ էներգետիկայի նախարարությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան մանրակրկիտ նախապատրաստված էր:
Նա նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի միջև տեղի ունեցած բանակցությունները շատ կարևոր էին ու արդյունավետ:
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց Միջկառավարական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը ակտիվացնելու վերաբերյալ: Առաջիկայում կլինի նիստ, որտեղ կքննարկվեն էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցերը: Վարչապետի այցն Իրան, նման մակարդակի հանդիպումները ձևավորում են փոխվստահության մթնոլորտ, որը հնարավորություն է տալիս պատասխանատու գերատեսչություններին անկաշկանդ աշխատել՝ ունենալով նաև հանձնարարականը: Հանդիպումը ծառայեց խոչընդոտները վերացնելուն:
Մենք իրանական կողմից լսել ենք առաջարկ՝ լսել ենք առաջարկ էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալելու Վրաստանի և Ռուսաստանի հետ: Կա պայմանավորվածություն՝ ապրիլին Թեհրանում քառակողմ հանդիպում կազմակերպելու Թեհրանում»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը:
Նշենք նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այց կատարեց Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ խոսեց տարածաշրջանային էներգետիկ միջանցք ձևավորելու կարևորության, էներգակիրների համար Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու և մի շարք այլ էներգետիկ, տնտեսական հեռանկարների մասին: