«Շատ բաներ ես ինձ համար բացահայտել եմ 65-ից հետո». Հեդդա Բոլգար
Այս կենսուրախ կինը հայտնի հոգեթերապևտ Հեդդա Բոլգարն է: Նա ապրել է 103 տարի և մինչև իր կյանքի վերջին օրն ընդունել իր հիվանդներին, որոնք նրան պարզապես պաշտում էին:
Այդ կինն ամբողջովին ներծծված էր դրական էներգետիկայով ու կյանքի նկատմամբ ունեցած սիրով, որը վարակի նման հեշտությամբ փոխանցվում էր ուրիշներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս բացառիկ կնոջ երկարակեցության գաղտնիքներն ու կյանքի կանոնները:
Ծերությունը` ուրախություն…
Ծերությունն ազատություն է:
Հեդդա Բոլգարն անվերջ ծիծաղում էր ու իրեն համեմատում վաճառողի հետ, ով հմտորեն կարողանում էր վաճառել ոչ ամենալավ ապրանքը: Իսկ չէ՞ որ Բոլգարը «վաճառում» էր ծերությունը: Նա վստահ էր, որ տարիքի հետ գալիս են ազատությունը, փորձն ու անսովոր վստահությունն այն բանում, որ դու կարող ես անել բացարձակապես ամեն ինչ: Բժիշկ Բոլգարն այնքան վստահ էր ներկայացնում առաջացած տարիքի առավելությունները, որ ծերերը հերթ էին կանգնում նրա մոտ ընդունելության գնալու համար:
«Ինձ թվում է` նրանք ծերության մեջ սոսկ կորուստներ, հիվանդություններ ու այլ բացասական բաներ են տեսնում, սակայն նրանք չեն տեսնում, որ ծերության մեջ շատ ձեռքբերումներ կան»,- ասում էր Հեդդան:
Ի դեպ, ինքը` Հեդդան, միայն 101 տարեկանում զգաց յոգայի ողջ հմայքը ու հաճույքով զբաղվում էր դրանով:
«Ես երջանիկ կյանք եմ ապրել…»
«Շատ բաներ ես ինձ համար բացահայտել եմ 65 տարեկանից հետո»,- պնդում էր Հեդդան: Դա հիանալի առիթ է չնվնվալու ու ուրախությամբ ընդունելու ծերությունը, որը քո առաջ բազում հնարավորություններ է բացում:
Շատերը դեռևս 40 տարեկանում համարում են, որ կյանքն ավարտվել է, և փոփոխությունների սպասելն անմտություն է: Բայց արդյո՞ք դա այդպես է: Հեդդա Բոլգարն իր օրինակով ցույց տվեց, որ ծերությունը հիանալի բան է:
«Ես երջանիկ կյանք եմ ապրել, բայց ամենաերջանիկը եղել են վերջին 10 տարիները»,- ասում էր նա:
Իմաստ ունի՞ արդյոք թոշակի գնալը:
Հեդդա Բոլգարի երկար ու երջանիկ կյանքի գաղտնիքը թաքնված է չհոգնող ակտիվության մեջ: Նա ապրեց 103 տարի ու մինչև իր կյանքի վերջին օրն ընդունում էր իր հիվանդներին: Կինը պարզապես չէր հասկանում, թե ինչո՞ւ թոշակի գնալ: Չէ՞ որ այնքան հաճելի է արթնանալ այն մտքով, որ առջևում քեզ շատ օգտակար ու հաճելի գործեր են սպասվում:
«Ես սիրում եմ մարդկանց հասկանալ»:
Հեդդան սիրում էր մարդկանց հետ աշխատել, սիրում էր լսել ու հասկանալ նրանց:
«Աշխարհում ամենահետաքրքիր բանը հետևելն է, թե ինչպես են փոխվում մարդիկ, ինչպես է բարելավվում նրանց կյանքը, ինչպես են նրանք սկսում իրենց ազատ զգալ»,- ասում էր նժիշկ Բոլգարը: Եվ իսկապես, ծերության հետ կապված՝ այդ կնոջ միակ ափսոսանքն ընդունելությունների համար նոր հիվանդներ գրանցելու հնարավորության բացակայությունն էր. Այդ հասակում Հեդդան միայն ոչ երկարատև թերապիաներ անցկացնելուն էր համաձայնում:
Հեդդա Բոլգարը միշտ իր պացիենտներին փորձում էր օգնել հասկանալ ու սիրել սեփական տարիքդ:
Իսկ ի՞նչ է այդ իմաստուն կինը խորհուրդ տալիս անել ծերությունը ժպիտով դիմավորելու համար:
- Հիշիր, որ քո սարսափների մեծ մասը գտնվում է բացառապես քո երևակայության մեջ:
- Աշխատիր այնքան, որքան թույլ կտա առողջությունդ: Չարժե շտապել թոշակի գնալ:
- Ամենօրյա բաների մեջ ուրախություն գտիր:
- 50 տարեկանից հետո մենք ուրիշների դատողություններից զարմանալի անկախություն ենք ձեռք բերում: Դրանից հաճախ օգտվիր ու հնարավորինս քիչ անհանգստացիր ուրիշի կարծիքների համար:
- Երիտասարդների վրա մի փնթփնթա, այլ աշխատիր ընկերանալ նրանց հետ:
- Քնիր ու կեր, ինչքան ուզում ես:
- Մի կենտրոնացիր անցյալիդ վրա, այն քայքայում է քո ներկան:
- Մի տագնապիր ապագայիդ համար. Այն անպայման հաճելի անակնկալներ կմատուցի քեզ:
- Հետաքրքրվիր քո մտերիմներով ու կարեկցանք ցուցաբերիր նրանց նկատմամբ:
- Տեղի ունեցողն ընդունիր այնպես, ինչպես որ կա, և մի մտահոգվիր դժվարությունների համար:
- Շնորհակալ եղիր ապրածդ յուրաքանչյուր օրվա համար:
- Դու, միևնույն է, չգիտես, թե քեզ հետ ինչ կլինի ապագայում: Ուրեմն ինչո՞ւ չվայելել յուրաքանչյուր օրը: Դու կտեսնես, որ տարիքի հետ կյանքը միայն բազում հաճույքներ ու հաճելի անակնկալներ է մատուցում:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը