«Ցավոք, ՀՀ-ում եւ ԼՂ-ում կա որոշակի միտում՝ շատ հարցերում համեմատություններ կատարել Ադրբեջանի հետ»
– Հայաստանի մի շարք մասնագետների կարծիքով` ԼՂՀ-ն ունի ժողովրդավարական զարգացման որոշակի մակարդակ` մարդկային ազատությունների, մարդու իրավունքների եւ այլ առումներով: Ըստ Ձեզ` միջազգային հանրությունը հաշվի առնո՞ւմ է այս ամենը Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում, եւ ի՞նչ կարծիք ունեք Դուք ԼՂՀ-ի ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ:
– Այս ընտրությունների առաջնային նշանակությունն այն է, որ նրանք կարող են ստեղծել մի իշխանություն, որը ԼՂ-ի բնակչության աչքերում լեգիտիմ է: Առանց օրինական ղեկավարության, այս բնակչությունը չի կարող ներկայանալ ավելի լայն աշխարհին իր հայացքներով եւ արժեքներով: Այնպես որ` այս ընտրություններն ամենաքիչը պետք է իրականացնեն այդ ներկայացուցչական ֆունկցիան: Բոլորովին այլ հարց է` արդյո՞ք այս ղեկավարությունը միջազգային հանրության կողմից կդիտվի որպես օրինական, թե՞ ոչ: Հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ասեմ, որ դժվար է պատկերացնել պարզապես խաղաղություն կամ հայ-ադրբեջանական կարգավորում` առանց ժողովրդավարական զարգացումների: Առանց դրա մենք կարող ենք ունենալ միայն «ավտորիտար խաղաղություն», որն, ըստ երեւույթին, ձեռնտու կլինի երկրների իշխանություններին եւ իր հերթին կառաջացնի մի շարք այլ խնդիրներ: Վերցնենք ազատ արտահայտման խնդիրը. հարաբերությունների իրական կարգավորում` նշանակում է` բացել ամենացավոտ հարցերը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենամռայլ օրերի պատմությունը, եւ դրանք ենթարկել ազատ ուսումնասիրման քննադատական տեսանկյունից: Բայց կա նաեւ ոչ պարզ կամ գծային կապ ժողովրդավարական զարգացումների եւ հիմնախնդրի լուծման միջեւ: Ավելի շատ դեմոկրատիան կարող է իշխանության բերել ավելի ազգայնական ուժերի, ինչպես եղավ 1990-ականների սկզբին, եւ նույնիսկ ստեղծել ավելի վատ միջավայր հիմնախնդրի կարգավորման համար. ի վերջո, ըստ հարցումների` հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի ժամանակ Հայաստանի ժողովրդի մեծ մասը դեմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ժամանակ եւ աշխատանք է անհրաժեշտ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ազատ փոխգործակցության համար: Ուստի կարող ենք ասել, որ ոչ թե «ժողովրդավարությունը պատասխանն է», այլ ավելի շուտ` «ժողովրդավարությունը միջոց է» իրավիճակը փոխելու համար:
– Ադրբեջանն ի՞նչ նշանակություն է տալիս այս ընտրություններին:
– Ինչպես գիտեք, Ադրբեջանն այս ընտրությունները համարում է անօրինական. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ցանկացած մարդ, ով կմեկնի Լեռնային Ղարաբաղ` որպես ընտրությունների դիտորդ, կհայտարարվի պերսոնա նոն գրատա: Սա ցավալի փաստ է, քանի որ ընտրարշավի, ընտրությունների անցկացման եւ նրա արդյունքների մասին ինֆորմացիան կարող է կարեւոր տեղեկություն լինել ԼՂ-ի ներքին կառավարման շարժընթացի եւ հասարակության վերաբերյալ: Թբիլիսիի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դե ֆակտո ընտրությունների բազմակի դատապարտումները չտվեցին ցանկալի արդյունքը եւ, հնարավոր է, նույնիսկ ավելի նվազեցրեցին Վրաստանի ազդեցությունը անջատված տարածքներում: Ղարաբաղի ադրբեջանցիների հարցը մնում է չլուծված: Երբեմն խոսվում է, թե քանի որ Ղարաբաղի ադրբեջանցիները դարձել են Ադրբեջանի քաղաքացիներ, նրանց կարիքները հոգում են: Սակայն այս փաստարկը լայն հարթակ չի տալիս ադրբեջանցիների համար` ներկայացվելու խաղաղության գործընթացում որպես մի համայնք իր առանձնահատուկ կարիքներով: Ներդրումը, որը կարելի է անվանել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի «կառավարման կապիտալ» (օրինակ` ընտրված ղեկավարության միջոցով), կարող է դառնալ երկարաժամկետ ներդրում ապագա երկխոսության մեջ նրանց միջեւ, ովքեր «Ղարաբաղում են եւ Ղարաբաղից են»: Սա Ադրբեջանի համար, թերեւս, ուղիներից մեկն է` ստեղծելու մի հարթակ, որտեղից կարելի է դրականորեն ազդել ԼՂ-ի կառավարման վերաբերյալ քննարկումների վրա ընդհանրապես:
– Ի դեպ, արդեն հայտնի են դարձել ընտրությունների նախնական արդյունքները. ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է իր պաշտոնում (ձայների 66,7 տոկոս արդյունքով), սակայն ընդդիմության առաջնորդ Վիտալի Բալասանյանն, իր հերթին, լուրջ արդյունք է ցույց տվել (32,5 տոկոս), ինչն աննախադեպ երեւույթ է ԼՂՀ 20-ամյա պատմության մեջ: Այս արդյունքներն ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Դժվար է մեկնաբանել արդյունքներն այն ընտրությունների, որին ես անձամբ վկա չեմ եղել: Առաջին հայացքից` ձայների 67 տոկոս ստանալը քայլ է դեպի ավելի «նորմալ» քաղաքական դաշտի ստեղծում եւ հեռու է խորհրդային իշխանություններին բնորոշ 95 տոկոս արդյունքից: Սակայն վիճակագրությունները միշտ թաքցնում են ավելի բարդ իրողությունները: Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները նույնպես ընտրվել են բավականին «համեստ» մեծամասնության ձայների շնորհիվ, սակայն մենք դա չենք ընդունում որպես «ժողովրդավարության ապացույց»: Պարզապես վիճակագրության վրա` որպես մեծ փոփոխությունների վկայություն կենտրոնանալու փոխարեն, կարծում եմ` վերլուծաբաններն ու ղարաբաղյան քաղաքականության մասնակիցները պետք է շարունակեն հարցադրումներ կատարել այն մասին, թե արդյոք որքանո՞վ է Լեռնային Ղարաբաղի ներքին քաղաքականությունն ազատ, որքանո՞վ է իրական քաղաքական բազմակարծությունն այնտեղ, որքանո՞վ են իրենց ազատ զգում լրագրողները, ոչ-կառավարական կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակությունը: Ի՞նչ աստիճանով է իշխանությունն արձագանքում ԼՂ հասարակության մտահոգություններին` առանց խնդիրները պարզապես Ղարաբաղյան հիմնահարցով պայմանավորելու, ի՞նչ աստիճանով է ԼՂ-ի ժողովուրդը պահանջում ավելին, քան այդ հիմնահարցի լուծումը: Կարծում եմ` սրանք դեռեւս բաց մնացած հարցեր են: