– Պաշտոնական հիմնավորումը, թե ինչու է անհրաժեշտ Սեւանից բաց թողնել լրացուցիչ 150 մլն խմ ջուր, հետեւյալն է` տարին սակավաջուր էր, գյուղատնտեսական նշանակության 40.000 հեկտար տարածք ոռոգման անհրաժեշտություն ունի:
– Ձեւակերպել են երաշտ` գումարած Ապարանի եւ Ազատի կիսադատարկ ջրամբարները, եւ որոշել են, որ այս հիմնավորումներով կարող են Սեւանից լրացուցիչ ջուր վերցնել: Սրանք խիստ կասկածելի հիմնավորումներ են: Մինչ ԱԺ-ում նախագծի քննարկումն ու առաջին ընթերցմամբ նախագծի ընդունումը` մայիսի 2-ից արդեն Սեւանից ջուր են վերցրել, այն դեպքում, երբ 2011թ. ջուր էին վերցրել հունիսի 21-ին եւ շատ առատ: Այս տարի մայիսի 2-ից հունիսի 21-ը ոռոգման նպատակներով արդեն վերցրել են 95 մլն խմ: Նկատենք, եղել են տարիներ, երբ ոռոգման նպատակով ծախսվել է` 80, անգամ` 50 մլն խմ ջուր, իսկ այս տարի մինչեւ հուլիսի 2-ը վերցրել են 131 մլն խմ ջուր: Այսինքն` բոլորին փաստի առաջ են կանգնեցրել: Այն դեպքում, երբ մինչ օրս երաշտի հետք անգամ չկա:
– ԱԺ-ում օրենքի փութկոտ ընդունումը հիմնավորված է այն իրողությամբ, որ ԱԺ-ն գնում էր արձակուրդ, եւ անհրաժեշտության դեպքում պատգամավորներին քվեարկության հավաքելու հնարավորություն ուղղակի չէր լինի:
– Երբ պետք էր հակաժողովրդական «Ջրային օրենսգիրքն» ընդունել, կամ «Բնապահպանական վճարների դրույքաչափի մասին» օրենքը, կամ «Ընդերքի մասին» օրենսգիրքը, որն, ի դեպ, միայն մի քանի ընտանիքների շահերից է բխում, միշտ կարողանում են հավաքել պատգամավորներին եւ արտահերթ նիստ հրավիրել:
– Ի՞նչ կոնկրետ կասկածներ ունեն բնապահպանները, ինչո՞ւ են այդ դեպքում իշխանությունները փորձում չհիմնավորված ջրառ անել:
– Իշխանական ամենավերին ատյանները չեն ցանկանում, որ լճի մակարդակն արագ բարձրանա, եւ ստեղծեցին սանձ Սեւանի համար` Սեւանա լիճը «իրավունք ունի» 31 տարվա ընթացքում բարձրանալ 6 մ-ով, յուրաքանչյուր տարի` մոտ 20-22 սմ: Եվ ոչ մի սմ ավելի: Գոնե ասեն, թե մոտակա 3-4 տարիներին չենք ցանկանում, որ լճի մակարդակը բարձրանա: Իսկ հիմա պարզապես ստում են. ասում են, թե այս տարի ոռոգման համակարգի համար (39.000 հեկտարի խնդիր է դրված) Մխչյան, Արեւշատ եւ Ռանչպար պոմպակայաններից միայն 44 մլն խմ կարող ենք մղել, երբ նախանցած տարի մղել են 95 մլն խմ: Պատճառաբանում են, թե ջուրը սպառված է: Բայց գիտենք, որ մինչ այդ Ջրպետկոմիտեն, որը պետական կոմիտե է կոչվում, ներկայացրել է, թե չի կարող մղել անգամ է 1լ ջուր` հիմնավորմամբ, թե չունի այնքան գումար, որ վճարի էլեկտրաէներգիայի վարձը: Առարկություններ են եղել, եւ Ջրպետկոմիտեն մղվող ջուրը 0 խմ-ից դարձրեց 44 մլն խմ: Այն դեպքում, երբ կառավարությունն ամեն տարի Ջրպետկոմիտեին անհատույց տալիս է 3,9 միլիարդ դրամ, որպեսզի լուծվեն էլեկտրաէներգիայի եւ այլ հարցեր: Բացի դա` կառավարությունն ամբողջ օգտագործվող ջրային պաշարները տալիս է Ջրպետկոմիտեին` անհատույց: Սեւանա լճից վերցրած ջրի համար է միայն յուրաքանչյուր 1 խմ-ի համար պահանջում 20 լումա: Ջրպետկոմիտեն էլ փաստաթղթերով միջնորդ կազմակերպություններին ջուրը վաճառում է 1 դրամով, իսկ միջնորդներն էլ գյուղացուն 1 խմ ջուրը վաճառում են 11 դրամով: Նշենք նաեւ, որ ՀՀ-ում փոխվեց ջրի պահանջարկը 1 հեկտարի հաշվով` կրկնակի ավելացավ: Ինչպե՞ս եղավ, որ 2002թ. «Ջրային օրենսգիրք» ընդունվեց, եւ ջուրը դարձավ ապրանք, ամեն տեղ վճարովի է ոռոգման, անգամ գետերի ջուրը, եւ հանկարծ հիշեցին, որ երկար տարիներ ջրի օգտագործման չափը սխալ է, եւ պահանջարկը երկու անգամ ավելի ձեւակերպեցին: Սա եւս ժողովրդից լրացուցիչ գումարներ կորզելու միջոց է:
– Ակնհայտ է, որ տարին դեռեւս ամենեւին երաշտային չէ: Հակառակը: Գյուղացու համար ոռոգման ջրի վարձը բարձր է, եւ նա չի կարող իրեն թույլ տալ ոռոգման նպատակով հավելյալ ջուր օգտագործել: Կա՞ վերահսկողություն, թե ուր է գնալու այդ 150 մլն խմ ջուրը, եթե պահանջարկ չլինի:
– Տեսեք, մայիսի 2-ից հունիսի 21-ն արդեն վերցրել են 95 մլն խմ: Դա վերցրել են այն ժամանակ, երբ գետերը վարար էին, երբ հավելյալ ջուր կար, երբ առատ տեղումներ կային: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի բնակչությունը, որն Արաքսի ջրից ոռոգում է իր դաշտերն ու այգիները, պետք է շնորհակալություն հայտնի մեր իշխանություններին: Դա ակնհայտ է: Ինքս Երանոս գյուղից եմ: Գյուղ գնալիս հաճախ տեսնում էի, որ Սեւանից օրական վերցնում են մեծ քանակությամբ ջուր` գուցե 5 մլն խմ կամ ավելի: Երբ Ջրպետկոմի աշխատակցին հարց տվեցին` այդ ջրից որքա՞ն կգնա դեպի Կասպից ծով կամ Ադրբեջան, նա ասաց` 0 լիտր: Մի կողմից` այդ ջուրն առատորեն հոսում է Կասպից ծով, մյուս կողմից` ասում ենք` այնտեղ ջուր չի հասնում: Չեմ կարող չհիշել. 95թ. հանդիպեցի գյուղատնտեսության փոխնախարար Իշխան Մարտիրոսյանին եւ ասացի. «Գիտե՞ք, որ Սեւանից ջուրը (հուլիսի վերջն էր) գնում է Ադրբեջան, Կասպից ծով, իսկ մեր գյուղացիներին ջուր չեք տալիս»: Ասաց. «Գիտենք: Մենք գյուղացիներին սովորեցնում ենք վարձ վճարել»:
– Սեւանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Ասացիք, որ կա օրենքով սահմանված նիշ` որքան պետք է լինի Սեւանի բարձրությունը: Ինչո՞ւ չի կարելի թույլ տալ, որ Սեւանի մակարդակը գերազանցի այդ նիշը: Եթե նժարին դնենք կառուցվելիք նոր ճանապարհները կամ բնակավայրը եւ Սեւանի մակարդակի բարձրացումը, ո՞ր նժարն ավելի ծանր կլինի:
– Իհա՛րկե: Եթե կան կլիմայական նպաստավոր պայմաններ, ուրեմն թողնենք Սեւանը բարձրանա, միանգամից ճանապարհներն այնպես կառուցենք, որ այլեւս վերակառուցման կամ պարբերաբար տեղաշարժելու խնդիր չլինի: Սա կլիներ պետության համար ձեռտնու վիճակ: Հետո` քննարկման ենթակա չէ, թե ինչ կարեւոր է Սեւանը մեր տնտեսության, էկոլոգիայի համար: Բայց կա մի հանգամանք` լճի նկատմամբ քաղաքականությունը չի բխում ՀՀ շահերից, այն թելադրվում է դրսից: Օրինակ` 96-98թթ. Համաշխարհային բանկի դրամաշնորհով կազմվեց Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիրը: Ըստ այդմ` լճի մակարդակը պետք է 40-47 տարվա ընթացքում բարձրանա մինչեւ 1903,5 մ նիշը: Ծրագրով կտրականապես դեմ են Որոտանի ջրերը դեպի Կեչուտի ջրամբար եւ դրանից Սեւանա լիճ տեղափոխելուն: Ավելին, ծրագրով ցույց են տալիս, թե ՀՀ-ն տնտեսական վնասներ է կրում Սեւանի մակարդակի բարձրացումից` այսքան հողատարածք մնում է ջրի տակ, այսքան անտառ, այսքան էլեկտրաէներգիայի կորուստ` Որոտանի կասկադում: Նրանք ասում են` չէ՞ որ Որոտանի ջրի խնդիրը կապված է հարեւան երկրների հետ: Ստացվում է` ՀՀ-ում ջրագոյացումը կա, բայց ՀՀ քաղաքացիները զրկված են այդ ջրից լիարժեք օգտվելու իրավունքից: ՀԲ-ն հորինած թվերով ցույց է տալիս, թե լճի ջրի մակարդակի արագ բարձրացումը նպատակահարմար չէ: Անգամ նույն նախագծում ասվում է` կարելի է վարկ վերցնել 1,7 մլրդ դոլար, որպեսզի զբոսաշրջիկների համար հանգրվաններ կառուցեն, բայց ընդամենը 8-10 մլն դոլար արժեր Արփա-Սեւանի ջրատարի նորոգման աշխատանքը, կտրականապես հրաժարվեցին տրամադրել այդ գումարը: Իսկ Որոտանի թունելի առումով ասվում էր` եթե անգամ դրա կառուցումն արժենա 0 դոլար, եւ 0 դոլար արժենա շահագործումը, միեւնույն է` դա ՀՀ-ի համար վնասաբեր է: Ի պատիվ ՀՀ կառավարության` 2004թ. ծրագիրը սեփական միջոցներով ավարտին հասցվեց: Հիմա ՀԲ-ի այս ոչ հայանպաստ ճաշակը հարմարվել է մեր բարձրաստիճան պաշտոնյաների ճաշակին. նրանցից շատերը Սեւանի ափին ունեն մոնումենտալ շինություններ, առանձնատներ, եւ եթե ջրի մակարդակը բարձրանա, նրանց կառույցները վտանգի տակ կհայտնվեն: