Շողակաթ խոշորացված համայնքում 2019 թվականին կիրականացվեն կենսական նշանակության բազմաբնույթ ծրագրեր
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում՝ Դրախտիկում, Աղբերքում, Շողակաթում, Արտանիշում, Ջիլում եւ Ծափաթաղում, այս տարի տեղական բյուջեի միջոցների եւ սուբվենցիոն ծրագրերի հաշվին կիրականացվեն կենսական նշանակության բազմաբնույթ ծրագրեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, բոլոր ծրագրերն ընդգրկված են համայնքի 2019 թվականի բյուջեում, որը հաստատվել է ավագանու կողմից:
«Ծափաթաղում կկառուցվի ոռոգման համակարգ եւ կանցկացվի փողոցային լուսավորություն: Ոռոգման համակարգի վրա տեղական միջոցներից կներդրվի 14,5 միլիոն դրամ, ինչի շնորհիվ գյուղում ոռոգելի կդառնա 35 հեկտար վարելահող: 1,8 միլիոն դրամ էլ կհատկացվի գիշերային լուսավորության ցանցի կառուցման նպատակով: Ջիլում 5,8 միլիոն դրամի ներդրմամբ մեկ թաղամասի համար կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց, իսկ 2,2 միլիոն դրամի ներդրմամբ կցանկապատվի գյուղի գերեզմանոցը:
Արտանիշում 2,2 միլիոն դրամ կհատկացվի գիշերային լուսավորության ցանցի կառուցմանը, 1,9 միլիոն դրամ՝ արարողությունների սրահի կահավորմանը: Շողակաթում նախատեսվում է երկու փողոցներում կիսատ մնացած ասֆալտապատման աշխատանքների ավարտում, որի համար հատկացվելու է 19 միլիոն դրամ: Աղբերքում պետության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակում 42 միլիոն դրամի ներդրմամբ կիրականացվի արոտների ջրարբիացում, իսկ տեղական բյուջեից հատկացվող 17 միլիոն դրամով կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց, որով այստեղ հիմնովին լուծում կստանա խմելու ջրի մատակարարման խնդիրը:
1,9 միլիոն դրամ կհատկացվի Աղբերքի արարողությունների սրահի կահավորման, 5 միլիոն 800 հազար դրամ՝ փողոցային լուսավորության անցկացման համար: Դրախտիկում 15 միլիոն դրամի ներդրմամբ կառուցվելու է գազատարի ներքին ցանց, 22 միլիոն դրամի ներդրմամբ՝ խմելու ջրատարի արտաքին ցանց եւ օրվա կարգավորիչ ջրամբար, 2,8 միլիոն դրամի ներդրմամբ՝ խմելու ջրատարի ներքին ցանց: Փորձարկված գազատարի գործարկման համար հատկացվելու է 9,8 միլիոն դրամ:
1 միլիոն 400 հազար դրամ էլ կհատկացվի Դրախտիկի լուսավորության ցանցի կառուցմանը: Ծրագրերի մի մասը կիրականացնենք համայնքային բյուջեի, մի մասը՝ սուբվենցիոն ծրագրերի հաշվին: Հնարավոր է նաեւ ներդրումային այլ ծրագրերի իրականացում, եթե ի հայտ գան նոր հնարավորություններ: Սակայն վերոնշյալ բոլոր ծրագրերը ենթակա են պարտադիր իրականացման»,-հավաստեց Սուլիկո Շուշանյանը:
Խոսրով Խլղաթյան