Բաժիններ՝

Եթե բազային ֆինանսավորումը հանեն՝ գիտնականների մի մասը դրսում կմնա, գիտությունն էլ մի քանի տարում կքայքայվի ու կկործանվի

ՀՀ կառավարության կողմից 2018թ. դեկտեմբերի 27-ին ընդունված մի որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել էր՝ որպես դրամաշնորհ, և որոշվել էր այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

Փետրվարի 6-ին Կառավարությունը որոշեց մեկ տարով երկարաձգել բազային ֆինանսավորումը՝ մինչև մրցույթի պայմանները հստակեցվեն:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղագետ Արեգ Միքայելյանի կարծիքով՝ լավ կլինի, որ ֆինանսավորման երկու ձևերն էլ լինեն:

«Եթե բազային ֆինանսավորումը մնա, գումար հատկացվի, հնարավոր կլինի ապահովել նվազագույն կեցությունը, որը, ի դեպ, նույնիսկ այսօրվա դրությամբ չի ապահովվում, քանի որ աշխատավարձը շատ ցածր է: Հետո մրցութային հիմունքներով կարող են լինել լրացուցիչ խրախուսման ձևեր՝ արդեն ակտիվ գիտնականների համար:

Կարդացեք նաև

Սակայն, եթե բազային ֆինանսավորումը հանեն՝ գիտնականների մի մասը դրսում կմնա, որովհետև գրանտային ծրագրերով չեն կարող բոլորն էլ միանգամից ֆինանսավորվել: Մի մասը շահելու է, մյուս մասը՝ ոչ: Արդյունքում՝ շատերը կմնան անգործ: Գիտությունն էլ մի քանի տարում կքայքայեն ու կկործանեն:

Արտերկրում ամբողջ գիտությունը համալսարանական է, գիտնականները համալսարանից իրենց մշտական աշխատավարձը ստանում են, և եթե ունեն դրամաշնորհներ, լրացուցիչ ծրագրեր, դրա շնորհիվ աշխատավարձը կրկնապատկվում է: Իսկ ով բավարարվում է մինիմումով, միայն համալսարանի աշխատավարձն է ստանում, որը բավականին բարձր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

«Գիտնականի բազային աշխատավարձը պետք է լինի երկրի միջին աշխատավարձից բարձր, որովհետև գիտնականի աշխատանքը շատ բարդ է, չի կարելի այդպես նսեմացնել: Մասնավորապես կա տնտեսագիտական օրենք, թե ինչպես պետք է աշխատավարձդ գոյանա: Հաշվի են առնում այն, թե այդ մարդու կրթության, գիտելիքների համար պետությունն ինչքան ժամանակ ու ջանքեր է ներդրել:

Այն մարդը, ով երկար տարիներ սովորում է, որ լավ մասնագետ դառնա, բնականաբար, նրա աշխատավարձը պետք է բարձր լինի: Իսկ մեզ մոտ այդպես չէ: Գիտնականի աշխատանքը պատգամավորի աշխատանքից հաստատ ավելի բարդ է ու կարևոր:

Պատգամավորները գնում, նստում են, մի օրենք է՝ նայում են, մի 5 հոգի կարծիք է հայտնում, մնացածը հենց այնպես քվեարկում է: Շատերը չեն էլ կարդում օրենքը: Իսկ գիտնականն առավոտից երեկո աշխատում է, որ նորություն ստեղծի, ինչը ամբողջ մարդկության առաջադիմության հիմքում է ընկած: Ինչ ունենք՝ գիտությունն է ստեղծել, չէ՞: Եթե գիտությունը չլիներ, մարդկությունը հիմա քարանձավներում կլիներ: Ուղղակի մեկ բան չեն հասկանում մեր ղեկավարները և երբեք չեն հասկացել. Գիտնականն առևտրականի նման չէ, որ ապրանքը վաճառի, փողը վերցնի՝ գնա: Կարող է մի քանի տասնյակ տարում նոր հասկացվի, թե գիտնականի արած աշխատանքն ինչի համար էր անհրաժեշտ: Միգուցե նա մահանա, նոր հասկանան, թե գործն ինչքան կարևոր էր մարդկության համար: Դրա համար, զարգացած երկրների նման, մեզ երկարատև, հեռանկարային ծրագրեր են անհրաժեշտ գիտության ոլորտում»,- նշեց Արեգ Միքայելյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս