«Մենք դարձել ենք «բլատնոյ» հանրապետություն». Ազատ Արշակյան
Հասարակական գործիչ Ազատ Արշակյանը, խոսելով Հայաստանի դատական համակարգից և մեծ հնչեղություն ստացած դատական գործերից, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի, այսօրվա ասուլիսում նշեց, որ պետք է առաջ քաշել այն հարցը, որ դատախազն ու փաստաբանը շտապ ապացուցեն, թե ով է ուժեղ։
«Դատավարությունների այս ձգձգումները, հիվանդ մարդուն մի քանի ամիս շարունակ պահել կալանավայրում՝ առանց դատարանի վճռի, ցույց են տալիս, որ մեր սիրելի ու փառաբանված ուժային կառույցները բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն, որպեսզի մեկ-երկու ամսում վճիռ կայացնեն, դրանք բաց գործեր են, ցուցմունքներ ու իրեղեն ապացույցներ կան։ Թող բացահայտեն, մարդիկ կա՛մ պետք է դատապարտվեն, կա՛մ ազատ արձակվեն։ Եթե չեն հասցնում, թող մասնագետների նոր հավաք հայտարարեն։ Էլ բան ու գործ չունենք, այսօր Հայաստանի առջև հազար տեսակի օրակարգ է կանգնած, մենք դարձել ենք «բլատնոյ» հանրապետություն։ Ամբողջ օրը ով ում կողոպտեց, ինչ տարավ, սրանք ավելորդ հարցեր են, դատարանը հարցերն արագ պետք է լուծի, ու անցնենք առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազատ Արշակյանը։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Հայաստանում շարունակվում է դատավարական իրավունքների որտնահարումը։ Նա դատապարտում է Հայաստանում ստեղծված այն համակարգը, որ սկզբում ուղղորդված ձևով ստեղծվում է հասարակական կարծիք, որին հաջորդում են ինչ-ինչ գործողություններ, դրան էլ հետևում է այն համոզմունքը, որ մեղադրյալը մեղավոր է՝ առանց դատավճռի առկայության։
«Այս սխեմային պետք է կտրուկ դիմադրել և վերջ տալ։ Քանի որ այդպիսով մենք կկորցնենք քաղաքական մշակույթը և ընկնելու ենք ասեկոսեների մեջ։ Պահանջում եմ, որ իմ երկրի պատիվն ավելի բարձր պահեն։ Մեր աքիլեսյան գարշապարը շարունակում է մնալ դատական իշխանության անկախության հարցը»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։
Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի քննիչի այն հայտարարությանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության դեպքում կարող է խուսափել պատասխանատվությունից և խանգարել նախաքննությանը, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ նման բան չի կարող լինել, և որոշ առումով այդ ամենը վիրավորանք է և հոգեբանական ճնշման ձև։
«Որևէ մեկը չպետք է մտածի, որ այդ անձը՝ ամբողջ իր անցած ճանապարհով ու սխալներով, կարող է գնալ նման քայլի, այդ ամենը հնարածին մի ճանապարհ է»,- ընդգծեց Լ. Ալավերդյանը։
Ինչ վերաբերում է վերջերս շրջանառության մեջ դրված «Նոր Հայաստան» բառակապակցությանը, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դեմ է, որպեսզի նման արտահայտություն հնչի, քանի որ Հայաստանն ունի 6 հազար տարվա պատմություն։
«Մենք միշտ կարող ենք խոսել զարգացող Հայաստանի մասին, քիչ է մնում՝ ասենք՝ նոր Հայաստան, նոր այբուբեն, միայն գրերն են մնացել, որին չեն կպնում, փառք Տիրոջը, որ չեն ասում, թե այբուբենը պետք է փոխեն, քանի որ ասում են, եթե «Նոր Հայաստան» ենք, ամեն ինչ նոր պետք է ունենանք»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան