Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղի է ունեցել լիարժեք դատավարություն։
«Քննարկվեցին կողմերի բոլոր փաստարկները, բոլոր կողմերին հնարավորություն տրվեց ցանկացած ծավալի փաստարկներ ներկայացնել, ամեն ինչ քննարկվեց, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին»,- ասաց Հայկ Ալումյանը։
Ըստ նրա, մանրակրկիտ հարցերի միջոցով դատարանը փորձել է ճշտել այն ամենը, ինչ ներկայացվել է միջնորդների, Դատախազության և քննիչների կողմից։ Հարցեր են հնչել հատկապես բանակի օգտագործման վերաբերյալ։
«Վերաքննիչ բողոքում մենք անձեռնմխելիության հետ կապված հարցեր էինք դրել, դատարանին հետաքրքրում էր մյուս կողմի դիրքորոշումն այս հարցի հետ կապված»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկատվությանը, Հայկ Ալումյանը նշեց, որ որևէ ինֆորմացիա չունի, և մեծ հաշվով այն իրենց չի հետաքրքրում։
«Պարոն Սարգսյանի ցուցմունքներն այստեղ ներկայացված չեն եղել, այստեղ կան ներկայացված շատ ցուցմունքներ։ Ինչ վերաբերում է բանակի ներգրավվածությանը, նախագահի կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի բացառվի բանակի ներգրավվածությունն այդ գործընթացներին, մարդիկ գնացել են այդ հրամանը կատարելու և հետո զեկուցել, որ հրամանը կատարված է»,- շեշտեց Հայկ Ալումյանը։
Նա նաև նշեց, որ նիստի վերջում իր դիրքորոշումն է հայտնել նաև Ռոբերտ Քոչարյանը և անդրադարձել մեղադրանքի բոլոր դրույթներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ երկրորդ նախագահը ելույթ էր ունեցել դատարանում և մանրամասն ներկայացրել 2008 թվականի փետրվարի 23-ի այն իրավիճակը, որը եղել էր մայրաքաղաքում։
Զվարթ Խաչատրյան