ՌԴ Դաշնության խորհուրդը արձագանքել է Մատվիենկոյի մասին հայկական հրապարակումներին
ՌԴ Դաշնության խորհրդի մամլո ծառայությունը ուրբաթ օրը տարածել է մամլո հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում է. «Հայկական մի շարք ԶԼՄ-ներում ի հայտ եկած հրապարակումների առնչությամբ, որոնցում իբրև թե բերվում են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի արտահայտությունները Լեռնային Ղարաբաղի թեմայով, անհրաժեշտ ենք համարում հստակեցնել Ռուսաստանի դիրքորոշումը, որի մասին արտահայտվել էր խոսնակը ՀՀ-ի ղեկավարության հետ հանդիպումների և 2012 թվականի հուլիսի 11-ին Երևան կատարած Դաշնության խորհդրի պատվիրակության պաշտոնական այցելության ժամանակ լրագրողների հետ շփման ընթացքում:
«Ռուսաստանը ելնում է նրանից, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցային գործընթացի ճանապարհով, որի մասնակիցները պետք է ղեկավարվեն միջազգային իրավունքի նորմերով և ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերով: Հակամարտության լուծումը պետք է համապատասխանի Հայաստանի և Ադրբեջանի շահերին, հիմնվի ուժ չկիրառման հիմնարար սկզբունքերի վրա, հարգի տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և պահպանի ազգային ինքնորոշման իրավունքը:
Այդ իսկ պատճառով մենք կարևոր ենք համարում, որպեսզի կողմերը աստիճանաբար մոտեցնեն դիրքորոշումները`հաղթահարելով վստահության կուտակված դիֆիցիտը: Դրան նպաստելուն են ուղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ակտիվ ջանքերը, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի անմիջական բանակցությունների եռակողմ ձևաչափը: Միաժամանակ պետք է հասկանալ, որ միջնորդկան ջանքերը, չնայած որ հակամարտության կարգավորման առաջխաղացման կարևոր բաղկացուցիչն են, այնուամենայնիվ, մնում են ընդամենը երկխոսությունը հարթելու միջոց: Խաղաղ համաձայնագիր կնքելու պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի և Հայաստանի վրա, ինչն ընդգծվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ առաջնորդների Լոս-Կաբոսի «քսանյակի» գագագթնաժողովում արված համատեղ հայտարարության մեջ», նշված է council.gov.ru կայքում:
Նկատենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով հուլիսի 11-ին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության առնչությամբ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: