«Քրիստինե Նաղդալյանը չի կարող ու իրավունք էլ չունի որոշելու որևէ անձի լեզվի իմացության հարցը». Օպերային թատրոնի ղեկավարությունը՝ իր հասցեին հնչող մեղադրանքների մասին
«Մեկ տարի է՝ Օպերային թատրոնում չեմ աշխատում, ինձ հեռացրել են արդարությունը բարձրաձայնելու համար: Այնտեղ եթե մարդիկ սխալ որևէ բան են տեսնում ու փորձում են բարձրաձայնել՝ հայտնվում են դրսում: Ես պարզապես պահանջել էի վճարել արտիստների գումարները: Խոսքը լրացուցիչ վարձատրության մասին է, քանի որ կա հավելավճարների լրացուցիչ ֆոնդ»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, բալետային խմբի վարիչ Բորիս Էմինյանը:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում էինք խնդրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից: Օպերային թատրոնից պատասխանել են.
«Բորիս Էմինյանին աշխատանքից ազատելու հարցի վերաբերյալ նրան տրվել է հստակ պատասխան, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն՝ անձին ապօրինի աշխատանքից ազատելու փաստը, ինչպես նաև անձին աշխատանքում վերականգնելու հարցը որոշելու իրավունք ունի միայն դատարանը: Այս կապակցությամբ նրան առաջարկվել է դիմել դատարան, սակայն նա մինչ օրս դատարան չի դիմել, քանի որ համոզված է, որ ինքն ազատվել է աշխատանքից օրինական հիմունքներով»:
Թատրոնից նաև պարզաբանել են մեր մյուս հարցմանը, որը վերաբերում էր Կոնստանտին Օրբելյանի՝ հայերենին չտիրապետելու, համատեղությամբ աշխատելու մասին՝ Օպերային թատրոնի նախկին աշխատակից, իրավաբանական բաժնի պետ Քրիստինե Նաղդալյանի մեղադրանքներին:
«Քրիստինե Նաղդալյանը չի կարող ու իրավունք էլ չունի որոշելու որևէ անձի լեզվի իմացության հարցը: Այսօր ՀՀ-ում չկա որևէ իրավական ակտ, որի համաձայն՝ կարող է որոշվել ՊՈԱԿ-ի տնօրենի հայերենի տիրապետման փաստը: Որևէ անձ չի կարող առանց օրենքով սահմանված կարգի իրականացնել «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի լիազորությունները: Կ.Կիրակոսյանը տնօրենի լիազորություններն իրականացնում է միայն Կ.Օրբելյանի բացակայության ժամանակ՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանի համաձայն: Փաստաբան Ք.Նաղդալյանը օրենքի առաջ անձանց իրավահավասարության սկզբունքի մասին միայն լսել է, սակայն այդ սկզբունքին հղում կատարելիս պարտավոր էր մանրակրկիտ ուսումնասիրել ՀՀ օրենսդրությունը:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի (տնօրենի) պաշտոնում անձը կարող է ուղղակի նշանակվել կամ ընտրվել: Այս նորմից բխում է, որ հիմնադիրն է որոշում տնօրենի նշանակ0ան կամ ընտրվելու դեպքերն ու կարգը: Այն հանգամանքը, որ ՊՈԱԿ-ի հիմնադիր ՀՀ կառավարությունը որոշել է որոշ դեպքերում ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակել առանց մրցույթի, ուղղակի բխում է վերոհիշյալ օրենքի պահանջներից: Բացի այդ, ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 5-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ընդհանուր կարգի 3-րդ կետի առաջին պարբերությունը սահմանում է, որ պետական կազմակերպության գործադիր մարմինն ընտրվում (նշանակվում) է մրցութային կարգով:
Սակայն նույն կետի 4-րդ պարբերությունը սահմանում է, որ մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարն առանց մրցութային կարգի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակել այն անձին, ով հանդիսացել է միջազգային ճանաչում ունեցող մրցույթի հիմնադիր և (կամ) համաշխարհային ճանաչում ունեցող փառատոնի կազմակերպիչ և մշակութային ծրագրերով հանդես է եկել աշխարհի նշանավոր դահլիճներում, ունի հեղինակավոր ստեղծագործական խմբի գեղարվեստական ղեկավարի հիմնադիր և (կամ) գլխավոր դիրիժորի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ:
Հայտնում ենք նաև, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ նախատեսված հայերենին տիրապետելու պահանջը չի կարող կիրառվել անգամ ընդհանուր մրցութային կարգով նշանակվող տնօրենների նկատմամբ, քանի որ վերոհիշյալ որոշմամբ կամ որևէ այլ իրավական ակտով սահմանված չէ, թե ո՞ր մարմինն ի՞նչ ընթացակարգով ու ի՞նչ չափանիշներով է որոշելու անձի՝ հայերենին տիրապետելու փաստը:
Կ.Օրբելյանին տնօրեն նշանակելու օրվա դրությամբ գործող «Իրավական ակտերի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ, եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից: Նման նորմ է սահմանված նաև գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում:
Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ հայերենին տիրապետելու դրույթը կարող է գործել այն ժամանակ, երբ կսահմանվեն հայերենին տիրապետելու փաստը հաստատող մարմինները, դրա իրականացման ընթացակարգերն ու հայերենի իմացության չափանիշները:
Կ.Օրբելյանին կողմից թատրոնի տնօրենի պաշտոնը, ինչպես նաև համատեղությամբ գեղարվեստական ղեկավարի 0.5 դրույքով պաշտոնը զբաղեցնելու հարցի մասին էլ հայտնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածը թույլատրում է նույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատանքը»,- նշված էր պատասխանի մեջ:
Ինչ վերաբերում է Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրեն նշանակելու մասին հրամանի ժամկետին՝ Օպերային թատրոնից հայտնել են, որ ՀՀ մշակույթի նախարարի 2017թ. օգոստոսի 2-ի թիվ 39-Ա հրամանն ուժի մեջ է մտել միայն այն ընդունելու հաջորդող օրը՝ 2017թ. օգոստոսի 3-ին, և այդ օրն էլ ուժի մեջ է մտել նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումը:
«Եվ քանի որ այդ հրամանով Կ.Օրբելյանի վրա էին դրվում Թատրոնի տնօրենի պարտականությունները, ապա այդ մասով հրամանն ուժի մեջ է մտել Օրբելյանին պատշաճ հանձնելու օրվանը հաջորդող օրը՝ 2017թ. օգոստոսի 4-ին (նշված հրամանը մուտք է եղել թատրոն 2017թ. օգոստոսի 3-ին): Ինչպես հստակ երևում է՝ Օրբելյանը թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
Ինչպես հստակ տեսնում եք՝ Նաղդալյանի որևէ հիմնավորում չի բխում ոչ իրականությունից, ոչ էլ ՀՀ օրենսդրության պահանջներից»,- հավելել են նրանք:
Անի Կարապետյան